ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը (ANCA) կոչ է արել Կոնգրեսին դադարեցնել ռազմական օգնությունը Բաքվին՝ Օտարերկրյա աջակցության ակտի 502B(c) բաժնի միջոցով, որն արգելում է Վաշինգտոնի աջակցությունը մարդու իրավունքները խախտող երկրներին, հաղորդում է կոմիտեի կայքը։
«Կոնգրեսը կարող է իր վերահսկողական լիազորությունն իրականացնել ԱՄՆ ռազմական օգնության նկատմամբ՝ պահանջելով զեկույց ներկայացնել Ադրբեջանում մարդու իրավունքների պրակտիկայի վերաբերյալ՝ համաձայն Արտաքին աջակցության մասին ակտի 502B(c) բաժնի հատուկ բանաձևի», – ասվում է ANCA-ի զեկուցագրում:
Կոնգրեսի խնդրանքից հետո վարչակազմը 30 օրվա ընթացքում պետք է մանրամասնություններով և արտառոց հանգամանքները բացատրելով զեկույց ներկայացնի մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ, որոնք հիմնավորում են Վաշինգտոնի շարունակական ռազմական օգնությունը Բաքվին: Եթե զեկույցը Կոնգրեսին չներկայացվի մեկ ամսվա ընթացքում, օգնությունն ինքնաբերաբար կդադարեցվի։ Կոնգրեսը 502B(c) բաժնի զեկույցը ստանալուց հետո ցանկացած ժամանակ կարող է ընդունել համատեղ բանաձև՝ դադարեցնելու, սահմանափակելու կամ շարունակելու անվտանգության աջակցությունն այն երկրին, որը եղել է զեկույցի առարկա, բացատրել է կոմիտեն:
«Ադրբեջանի նման երկրներին շարունակվող ռազմական օգնության վտանգավոր նախադեպը տարածվում է Հարավային Կովկասից դուրս՝ ազդարարելով ԱՄՆ-ից անվտանգության օժանդակություն ստացողներին, որ ԱՄՆ քաղաքական գործիչները աչք կփակեն նրանց չարաշահումների վրա»,- ավելացրել է ANCA-ն:
Նոյեմբերի 16-ին ԱՄՆ Սենատն ընդունել էր S 3000 օրինագիծը՝ «Հայաստանի պաշտպանության մասին 2023 թվականի ակտը», որը դադարեցնում է Ադրբեջանին ռազմական օգնությունը։ Նախագիծը նախատեսում է ազատության աջակցության ակտի 907-րդ ուղղումը կասեցնելու ԱՄՆ նախագահի լիազորությունների վերացում, որը թույլ է տալիս ԱՄՆ վարչակազմին ռազմական օգնություն ցուցաբերել Ադրբեջանին։