ԱՄՆ Սենատն ընդունել է S 3000 օրինագիծը՝ «Հայաստանի պաշտպանության մասին 2023 թվականի ակտը», որը դադարեցնում է Ադրբեջանին ռազմական օգնությունը, հաղորդում է Սենատի կայքը։
Նոյեմբերի 15-ին հաստատված օրինագիծը նախատեսում է ազատության աջակցության ակտի 907-րդ ուղղումը կասեցնելու ԱՄՆ վարչակազմի լիազորությունների վերացում։ Փոփոխության կասեցումը թույլ է տվել ԱՄՆ վարչակազմին ռազմական օգնություն ցուցաբերել Ադրբեջանին։
Օրենքի տեքստի համաձայն՝ նախագահը չի կարող 2024-2025 ֆինանսական տարիների ֆինանսավորմամբ հատկացված գումարների մասով փոփոխությունից հրաժարվելու լիազորություն իրականացնել։
Միչիգանի սենատոր Գարի Փիթերսն օրինագիծը ներկայացրել է սեպտեմբերի 29-ին:
Նախագիծը նախաձեռնել էին ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Ռոբերտ Մենենդեսը, սենատորներ Բիլ Քեսիդին (Լուիզիանայից), Քրիս Վան Հոլենը (Մերիլենդից), Ալեքս Պադիլլան (Կալիֆորնիայից) և Շելդոն Ուայթհաուսը (Ռոդ Այլենդից):
907 ուղղումն ընդունվել է ԱՄՆ Կոնգրեսի կողմից 1992 թվականին և արգելում է ԱՄՆ վարչակազմին օգնություն տրամադրել Ադրբեջանին։ Նախկինում Վաշինգտոնը պարբերաբար կասեցնում էր այդ ուղղումը։
Նոյեմբերի 15-ին ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ’Բրայենն ասել էր, որ Պետդեպարտամենտը չի ակնկալում ԱՄՆ վարչակազմի կողմից Ազատության աջակցության ակտի 907 ուղղման ևս մեկ կասեցում: