Խորհրդարանական ընդդիմությունը որոշ ժամանակով հրաժարվել է գործուղումներից՝ երկրում սպասվող հնարավոր գործողությունների պատճառով, հայտնել է «Հրապարակ»-ը՝ հղում անելով խմբակցությունում իր աղբյուրին։
Թերթը գրել է, որ նրանք չեն բացառել, որ առաջիկա օրերին փողոցային պայքար կսկսվի, իսկ այդ ընթացքում չեն կարող իշխանականների հետ գործուղումների մեկնել։
Թերթը նշել է, որ ապրիլի 30-ից մայիսի 4-ն ԱԺ պատվիրակություն է մեկնել Վաշինգտոն, նախապես պատվիրակության կազմում ընդգրկված են եղել նաև «Հայաստան» դաշինքի պատգամավոր Աշոտ Սիմոնյանը և «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Տարոն Մարգարյանը, սակայն երեկ պարզ է դարձել, որ Սիմոնյանը հրաժարվել է մեկնել առողջական խնդիրների պատճառաբանությամբ, իսկ Մարգարյանը հայտնել է, թե կորցրել է անձնագիրը։
Մայիսի 3-ին ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն ամբիոնից «փորձել էր ծաղրել» գործընկերներին՝ ընդդիմադիրներին ներկայացնելով իբրև «ռուսական ագենտուրա», որի պատճառով նրանց «չեն թողնում» մեկնել ԱՄՆ, հավելել է թերթը։
Ապրիլի 8-ին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը Տավուշի մարզի բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ անհրաժեշտ է դիմադրություն կազմակերպել իշխանությունների՝ սահմանամերձ տարածքներն Ադրբեջանին հանձնելու ծրագրերի դեմ։