ԱԺ նախագահ Ալեն Սիմենյանը չի բացառել ՌԴ-ի հետ նոր ռազմական պայմանագրերի կնքումը: Լրագրողների հետ զրույցում մեկնաբանելով Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի հայտարարությունը, թե Մոսկվան և Երևանը քննարկում են ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում նոր պայմանագրերի կնքումը, նա պատասխանել է՝ «Չեմ բացառում»:
Լրագրողի դիտարկմանը, թե հակառուսական ֆոնի վրա նոր ռազմատեխնիկական համաձայնագիր է քննարկվում, Սիմոնյանը պատասխանեց.
«Կարծում եմ՝ նախ հակառուսականություն բառը սխալ է ասված, որովհետև հայ ժողովուրդը և ռուս ժողովուրդը բարեկամ ժողովուրդներ են և ժողովուրդների մասին չի կարելի նման բան ասել։ Հայատանում հակառուական բան չկա, կա հակակրանք այն քաղաքականության ու քայլերի նկատմամբ, որոնք վերջին տարիների ընթացքում իրականացվել են»։
Հարցին, թե ՀՀ-ն կստանձնի՞ ԵԱՏՄ նախագահությունը, ԱԺ նախագահը պատասխանեց որ այդ համագործակցության շնորհիվ Հայաստանը տնտեսական աճ է ապահովել, հետևաբար հույս ունի, որ կառավարությունը ճիշտ որոշում կընդունի և կստանձնի այն:
Հիշեցնենք, որ Մոսկվան ու Երևանը քննարկում են ռազմատեխնիկական համագործակցության նոր պայմանագրերի կնքումը: Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով ՌԴ-ից գնված, բայց չստացված սպառազինության մասին հարցին, նշել էր, որ տեղի են ունենում քննարկումներ, թե խնդիրն ինչ մեխանիզմներով կարող են լուծել։
Հոկտեմբերի 23-ին «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն ասել էր, որ Հայաստանն սպասում է ռուսական զենքի մատակարարմանը, որի համար վճարել է 400 մլն դոլար՝ նշելով, որ ցանկացած պայմանագրում նախատեսված են և՛ ժամկետներ, և՛ պատժամիջոցներ այդ ժամկետները խախտելու համար։
Ավելի վաղ Զախարովան պատասխանել էր Հայաստանի հետ Ռուսաստանի հարաբերությունների ապագայի մասին հարցին։ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը Հայաստանի քաղաքական գծի դիվերսիֆիկացման մասին հայտարարությունները՝ առանց արտաքին վեկտորը փոխելու, իրական մտադրությունները թաքցնելու փորձ էր անվանել։
Մանրամասները՝ տեսանյութում: