Ռուսական հեռուստաալիքներում վերջին ամիսներին արձանագրել ենք խնդիրներ, որոնք խախտում են ՀՀ-ի և ՌԴ-ի միջև կնքված պայմանագրերը։ Հաշվի առնելով Հայաստանի և Ռուսաստանի բարեկամական հարաբերությունները՝ ԲՏԱ նախարարությունը ռուսական կողմին այդ հարցով հրավիրել է խորհրդակցությունների, ռուսական ալիքների մասին քաղաքացու հարցին ի պատասխան ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Անդրադառնալով ՌԴ-ից գնված, բայց չստացված սպառազինության մասին հարցին՝ Փաշինյանը նշել է, որ տեղի են ունենում քննարկումներ, թե խնդիրն ինչ մեխանիզմներով կարող են լուծել։
«Տարբերակներից մեկը կարող է լինել վճարված գումարների չափով ՌԴ-ին ՀՀ ունեցած պարտքի նվազեցումը»,- նշել է նա՝ ավելացնելով, որ Ռուսաստանն ինքը հիմա սպառազինությունների կարիք ունի և իրենք տրամադրված են աշխատանքային։
Հոկտեմբերի 19-ին ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանը չէր հերքել ռուսական հեռուստաալիքների վերաբերյալ քննարկումների փաստը։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը հայտարարել էր, որ պետք է Հայաստանում անջատել ռուսական հեռուստաալիքները, քանի որ վտանգ են ներկայացնում երկրի ազգային անվտանգության համար:
Հոկտեմբերի 23-ին «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն ասել էր, որ Հայաստանն սպասում է ռուսական զենքի մատակարարմանը, որի համար վճարել է 400 մլն դոլար՝ նշելով, որ ցանկացած պայմանագրում նախատեսված են և՛ ժամկետներ, և՛ պատժամիջոցներ այդ ժամկետները խախտելու համար։
Մանրամասները՝ տեսանյութում