ՀՀ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը կասկածում է ԼՂ իշխանություններին՝ ոչ պատշաճ ծախսերի մեջ։ Ազգային ժողովի այսօրվա արտահերթ նիստի ժամանակ այս մասին արձագանքեց Հակոբ Արշակյանը, երբ Հայաստանի ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ներկայացնում էր, որ ՀՀ կառավարությունը պատրաստակամություն է հայտնել իր վրա վերցնել Լեռնային Ղարաբաղի կառավարության, վերջինիս կողմից ստեղծված հիմնադրամների, ԼՂ իրավաբանական և ֆիզիկական անձանց վերակառուցման ենթակա պարտավորությունները։
Ազգային ժողովի փոխնախագահը ընդգծեց․ «Մենք նաև ունենք մոտեցում, որ ծախսված միջոցները, այն մեխանիզմներով, որոնցով ծախսվել են Լեռնային Ղարաբաղում, մտահոգություններ կան, որ դրանց մի մասը կարող են այլ նպատակներով ծախսված լինել՝ մասնավորապես Հայաստանում, կամ արտերկրում։ Այս առումով ես նաև ցանկանում եմ իրավապահ համակարգի ուշադրությունը հրավիրել և խնդրել, որպեսզի այն մեխանիզմները, որոնք դրված են, թույլ տան հընթացս ունենալ ուսումնասիրություններ, որ նման բացահայտված դեպքերը, նույնպես պետք է գանձվեն, բռնագանձվեն և օգտագործվեն ի օգուտ Հայաստանի Հանրապետության»,- հավելեց Արշակյանը։
Նշենք, որ այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում Հայաստանի ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ներկայացնում է «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը։
Մանրամասները՝ տեսանյութում։