ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ ու հրավերով Բաղրամյան 26-ում էին հավաքվել քառօրյա ու 44-օրյա պատերազմներում զոհված հերոսների ծնողները, պատերազմից հետո ծնված նրանց քույրերն ու եղբայրները, հայտնում է վարչապետի տիկնոջ կայքէջը։
Նշվում է, որ մարզերից ու մայրաքաղաքից ժամանած շուրջ 200 հյուրերի համար կազմակերպվել է տոնական միջոցառում:
Աննա Հակոբյանը անմիջական միջավայրում շփվել է հայրենիքի համար կյանքը զոհաբերած տղաների ծնողների, նրանց փոքրիկ քույրերի ու եղբայրների հետ: Միջոցառմանը ներկա են եղել Առողջապահության նախարարը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարն ու փոխնախարարը: Նրանք ևս շփվել են հյուրերի հետ, լսել նրանց անհանգստացնող հարցերն ու խնդիրները:
«Երգ ու պար, տարատեսակ խաղեր, հետաքրքիր հնարքներ աճպարարի կողմից և իհարկե Ձմեռ պապի հետ լուսանկարներ ու նվերներ՝ ամեն ինչ՝ երեխաների օրն անմոռանալի դարձնելու և դրական պահեր պարգևելու համար։
Անմահացած տղաների բոլոր մայրերն իրենց որդիների կյանքի շարունակությունն են, նրանց պահ տված հայրերքի տերերն են և այսօր պետության հզորացման ու կայացման բանալին մեր ձեռքերում է՝ ելույթում նշել է 44-օրյա պատերազմում անմահացած Գոռ Մելքոնյանի մայրը՝ Լիլիա Բադալյանը, ով նաև Աննա Հակոբյանի օգնականն է»,- ասված է հաղորդագրությունում:
Ելույթ է ունեցել նաև հերոս Ռաֆո Սահակյանի մայրը՝ Վարդուհի Մանուկյանը: Նաև ևս վարչապետի տիկնոջ օգնականն է: Մայր դառնալով կինն իրեն զրկում է թույլ լինելու իրավունքից՝ շեշտել է Վարդուհի Մանուկյանը, և խոնարհվել այն կանանց առաջ, որոնք որոշել են ևս մեկ անգամ մայր դառնալ:
Աննա Հակոբյանը շնորհակալություն է հայտնել բոլոր մայրերին հերոս տղաներ լույս աշխարհ բերելու, անդառնալի կորստից հետո կրկին մայրանալու որոշում կայացնելու համար, հույս հայտնել, որ հերոսածին մայրերի հետ հանդիպելու ու շփվելու շատ առիթներ կլինեն: