Հայ ժողովուրդն ինքը պետք է որոշի իր ճակատագիրը, Հայաստանի առաջին Հանրապետության օրը Սարդարապատի հուշահամալիրում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Սա մի տոն է, որ խորհրդանշում է հայ ժողովրդի՝ սեփական ճակատագիրը որոշելու դե յուրե իրավունքը, սեփական երկրում բարձրագույն իշխանություն լինելու հանգամանքը, որը մեր հազարամյա պատմության ընթացքում նրան տրվել էր առաջին անգամ»,- ասել է Փաշինյանը։
Նա նշել է, որ Հանրապետությունն այն պետական միավորումն է, որ ստեղծվում է ներքևից, անհատի՝ քաղաքացի դառնալու ճանապարհով:
«Հանրապետությունը պիտի կերտվի ժողովրդի, անհատի, քաղաքացու կողմից։ Այն չպետք է կերտվի իրեն վերնախավ համարող, մեկուսացած խմբերի երազանքներին և պատկերացումներին համահունչ, որ չստացվի այնպես, որ ժողովուրդը գտնվի Հայաստանում, բայց երազի մեկ այլ տեղում, մեկ այլ երկրում ապրելու մասին, ինչպես երկար տարիներ պատահել է մեր Հանրապետությունների հետ»,- հավելել է նա։
Փաշինյանի խոսքով՝ «Հայաստանի Հանրապետությունը մարդու պետություն է և պետք է ծառայի մարդուն, բայց այդ նպատակը հեշտ չի տրվում»։
«Այդ նպատակն անցնում է փշերի ու որոգայթների, ծանր ու դժվար որոշումների, հիասթափությունների ու չհասկացվածության միջով: Բայց դա ուղիղ ճանապարհ է, և մենք անցնում ենք այդ ճանապարհն ու հասնելու ենք մեր Ավետյաց Երկրին, մեր Ավետյաց Հանրապետությանը»,- եզրափակել է Փաշինյանը։
Փաշինյանն այս տարի Սարդարապատ է այցելել ոչ թե առավոտյան, այլ կեսօրից հետո։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը մայիսի 27-ին երթով շարժվել էր դեպի Սարդարապատ ու Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ հայտարարել մայիսի 28-ին Փաշինյանի մուտքը հուշահամալիր թույլ չտալու մասին։ Մայիսի 28-ի առավոտյան շարժումը հավաք էր իրականացրել Սարդարապատում, Բագրատ Սրբազանը Փաշինյանի՝ առավոտյան Սարդարապատ չայցելելը «վախի» նշան էր որակել։ Մայիսի 26-ին շարժումը հանրահավաք էր անցկացրել, որի ընթացքում հայտարարել էին, որ իրենց վարչապետի թեկնածուն Սրբազանն է։ Շարժումը պահանջել էր Փաշինյանի հրաժարականը։
Մանրամասները՝ տեսանյութում։