«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցները հայտարարել են, որ մտադիր են գիշերել Սարդարապատ հուշահամալիրում և առավոտյան թույլ չտալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մուտքը հուշահամալիրի տարածք։
Սարդարապատի հուշահամալիրում շարժման մասնակիցներից Իգոր Սարգսյանը հայտարարել է, որ մնալու են հուշահամալիրում։ «Այսօր մնում ենք այստեղ՝ վճռական ու հաստատակամ։ Մնում ենք, որպեսզի համապատասխան այրը ոտք չդնի աստեղ, ևս մեկ անգամ սրբավայրը չկոխի»,- ասել է նա։
Սարգսյանն ավելացրել է, որ անձրևից պաշտպանվելու համար վրաններ են տեղադրվել, հուշահամալիրի ներքևի հատվածում մեքենաներ են կանգնեցրել՝ Փաշինյանի մուտքը թույլ չտալու համար։
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել ՀՀ ԱԳՆ-ի՝ ապրիլի 19-ին հայտարարությունից հետո, որով Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացն սկսել Տավուշից։ Բնակիչները հայտարարել էին, որ դեմ են Հայաստանի զիջումներին։ Մայիսի 4-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը երթ էր սկսել դեպի Երևան, ուր հասել էին մայիսի 9-ին և նույն օրն անցկացրել առաջին հանրահավաքը՝ հայտարարելով, որ պատրաստվում են ԱԺ-ում Փաշինյանին անվստահության գործընթաց սկսել։ Մայիսի 13-16-ն անհնազանդության ակցիաներ էին իրականացվել։
Երևանն ու Բաքուն մայիսի 15-ին ստորագրել էին Տավուշում սահմանի սահմանազատման արձանագրությունը։ Մայիսի 24-ին ՀՀ ԱԱԾ-ն հայտարարել էր, որ սահմանապահ զորքերը Տավուշում պաշտոնապես անցել են Ադրբեջանի հետ սահմանազատված սահմանի պահպանությանը, որը կիրականացվի Բերքաբեր բնակավայրի 1,9 կմ, Ոսկեպար և Բաղանիս բնակավայրերի 4,9 կմ հատվածներում։
Մայիսի 26-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հանրահավաք էր իրականացրել, որի ընթացքում հայտարարել էին, որ իրենց վարչապետի թեկնածուն Բագրատ Սրբազանն է։ Շարժումը պահանջել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը՝ հայտարարելով մայիսի 27-ից անհնազանդության ակցիաներ սկսելու մասին։ Ժամը 16։30-ի դրությամբ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ակցիաներից բերման էր ենթարկվել 284 քաղաքացի։ Բագրատ Սրբազանը համախոհների հետ մայիսի 27-ին այցելել էր Սարդարապատ հուշահամալիր։
Մանրամասները՝ տեսանյութում։