Արցախի խորհրդարանի պատգամավոր Արամայիս Աղաբեկյանը հայտարարել է «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» դաշինքից դուրս գալու մասին, որի ղեկավարն էր Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը։
Ըստ Աղաբեկյանի՝ պատճառը, Արցախի լուծարման մասին հրամանագրի չեղարկման շուրջ, իր և խմբակցության բացարձակ մեծամասնության տարբեր դիրքորոշումներն են։ Պատգամավորը համոզմունք է հայտնել, որ հրամանագրի չեղարկման մասին պետք է հրապարակայնորեն հայտարարվի նույն հարթակում, ինչ հարթակում հայտարարվել է դրա ստորագրման մասին։
Միաժամանակ, ըստ Աղաբեկյանի, խմբակցությունում համոզված են, որ գոյություն ունեցող սպառնալիքներն ու փաստաթղթի իրավական արժեքի բացակայությունը բավարար են, որպեսզի չեղարկում և այդ չեղարկման հանրայնացում չկատարվի։
Ավելի վաղ Արցախի նախագահի խորհրդական Վլադիմիր Գրիգորյանն ասել էր, որ ինքը չի զբաղեցնում այդ պաշտոնը։ Այդ մասին նա ասել էր հանրապետության լուծարման մասին նախագահի հրամանագրի չեղարկման մասին հայտարարելուց հետո։
Դեկտեմբերի 28-ին «Հրապարակ» թերթը գրել էր, որ Հայաստանի Ազգային անվտանգության խորհուրդ են հրավիրվել Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը, Շահրամանյանի նախկին խորհրդական Վլադիմիր Գրիգորյանը և Արցախի Ազգային անվտանգության խորհրդի փոխնախագահ Գագիկ Բագունցը։ Ըստ հրապարակման՝ գաղտնի ծառայության թիրախ են դարձել արցախցիները, ովքեր հրապարակային հայտարարություններ են արել Արցախը լուծարելու անհնարինության կամ Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանի համապատասխան հրամանագրի անօրինականության մասին։
Սեպտեմբերի 20-ին՝ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից ձեռնարկված ռազմական ագրեսիայից հետո, Արցախի իշխանություններն ընդունել էին ռուս խաղաղապահների առաջարկը զինադադարի և ՊԲ-ի լուծարման ու ամբողջական զինաթափման վերաբերյալ։ Արցախի նախագահը սեպտեմբերի 28-ին հրամանագիր էր ստորագրել բոլոր պետական կառույցներն ու կազմակերպությունները մինչև 2024 թվականի հունվարի 1-ը լուծարելու մասին, որից հետո Արցախի Հանրապետությունը կդադարի գոյություն ունենալ։