ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանի մասնակցությամբ Արամուս գյուղում տեղի ունեցած միջադեպի 5 ձերբակալված անձանցից մեկն ազատ է արձակվել, հայտնել է Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը:
«Հաշվի առնելով հանրային հնչեղությունը՝ անհրաժեշտ եմ համարում պարզաբանել, որ 2024թ․ հունվարի 11-ի ուշ երեկոյան Արամուս գյուղում գործող հացատանը տեղի ունեցած զենքի գործադրմամբ խուլիգանության և մեկ անձի վնասվածք հասցնելու դեպքի առթիվ քննվող քրեական վարույթի շրջանակներում ձերբակալված 5 անձանցից մեկն ազատվել է արգելանքից»,- Facebook-ի իր էջում գրել է Աբրահամյանը։
Նա հավելել է, որ 4 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, նրանցից մեկին դատարանը կալանավորել է՝ մեղադրանք ներկայացնելով ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով (խուլիգանություն՝ կատարված զենքի գործադրմամբ)։
Մյուս երեք անձանց մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (խուլիգանություն՝ կատարված խմբի կազմում)։
Աբրահամյանը տեղեկացրել է, որ միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրանցից մեկի նկատմամբ ևս կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ։ Մյուս երկու մեղադրյալների նկատմամբ ընտրվել է բացակայելու արգելք խափանման միջոցը և նրանք ազատ են արձակվել։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ընդհանուր իրավասության դատարանը 2 ամսով կալանավորել է գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանին:
Հունվարի 14-ին փաստաբանը տեղեկացրել էր, որ ԶՈւ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտի նկատմամբ հանրային քրեական հետապնդում են հարուցել, քննիչը միջնորդել է կալանավորել նրան։
Հունվարի 13-ին ԶԼՄ-ները հայտնել էին, որ Խաչատրյանի հետ կապված միջադեպի գործով ձերբակալվել է 5 անձ, այդ թվում՝ Խաչատրյանը։
Հունվարի 12-ին հայտնել էինք, որ ԶՈւ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը Կոտայքի մարզի ռեստորաններից մեկում հնչած կրակոցների հնարավոր մասնակից է։ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից Armenia Today-ին հայտնել էին, որ դեպքի առթիվ քրվարույթ է հարուցվել ՔՕ 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (խուլիգանություն, առավելագույն պատիժն ազատազրկում 5 տարի ժամկետով), 335-րդ հոդվածի առաջին մասով (ապօրինի կերպով հրազեն, պայթուցիկ նյութ ձեռք բերելը, իրացնելը, կրելը, առավելագույն պատիժն ազատազրկում՝ առավելագույնը 5 տարի ժամկետով) և 167-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով (զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը, պատժվում է ազատազրկմամբ՝ 2-5 տարի ժամկետով):