ԶՈւ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը Կոտայքի մարզի ռեստորաններից մեկում հնչած կրակոցների հնարավոր մասնակից է։ ՀՀ ոստիկանությունը մանրամասներ է հայտնել Արամուս գյուղում տեղի ունեցած միջադեպի մասին, որի հետևանքով «Աբովյան» բժշկական կենտրոնի շտապօգնության խումբը բուժօգնության էր տեղափոխել 1977 թ. ծնված մի տղամարդու:
Գերատեսչության տվյալներով՝ ոստիկանությունը պարզել է հրազենային վնասվածք պատճառողի ինքնությունը, նրա ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Կոտայքի բաժին: Գերատեսչությունը չի բացահայտել կասկածյալի ինքնությունը, սակայն shamshyan.com-ը հայտնել է, որ ԶՈւ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը, անձամբ իրեն պարգևատրված զենքով, կրակոցներ է արձակել:
Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից Armenia Today-ին հայտնել են, որ միջադեպի դեպքի առթիվ քրեական օրենսգրքի հոդվածների հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնվել:
Աբրահամյանը պարզաբանել է, թե որ հոդվածներով է քրեական վարույթ նախաձեռնվել․ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի երկրորդ մասի առաջին և երրորդ կետերով (տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով մի խումբ անձանց կողմից կատարված խուլիգանությունը, պատժվում է տուգանքով կամ հանրային աշխատանքներով կամ ազատության սահմանափակմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով), 335-րդ հոդվածի առաջին մասով (ապօրինի կերպով հրազեն, դրա հիմնական բաղկացուցիչ մաս, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտ, պայթուցիկ նյութ կամ պայթեցման սարք ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը, առաքելը կամ կրելը, պատժվում է ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով) և 167-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով (զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը, պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով):