Տավուշի մարզի Կիրանց բնակավայրի ճանապարհից, որի մուտքը ոստիկանները փակել են և որտեղ այս պահին լարված իրավիճակ է, 14 անձ է բերվել ոստիկանություն, Armenia Today-ին հայտնել են ՆԳՆ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից։
Ոստիկանությունը Կիրանցի մուտքի մոտից բերման է ենթարկել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ակտիվիստներին և այլ քաղաքացիների՝ գյուղ մուտք գործելու փորձից և ոստիկանության՝ հավաքը դադարեցնելու մասին զգուշացումներից հետո։
ՆԳՆ-ից տեղեկացրել են, որ 14 անձանց բերման են ենթարկել Վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենքի 182-րդ հոդվածով նախատեսված արարքի համար (հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման պարտականությունները կատարելու ընթացքում ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը, առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով-խմբ․):
Մայիսի 20-ին Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը գլխավորող Բագրատ Սրբազանին, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներին, լրագրողներին և շարժման աջակիցներին ոստիկանական ուժերն արգելել էին մուտք գործել բնակավայր, «Ազգային ճակատը» հայտնել էր բերման ենթարկվածների մասին։
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել ՀՀ ԱԳՆ-ի՝ ապրիլի 19-ին հայտարարությունից հետո, որով Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացն սկսել Տավուշից։ Բնակիչները հայտարարել էին, որ դեմ են զիջումներին։
Մայիսի 4-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը երթ էր սկսել դեպի Երևան, ուր հասել էին մայիսի 9-ին և նույն օրը հանրահավաք անցկացրել՝ հայտարարելով, որ պատրաստվում են ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահության գործընթաց սկսել։ Սրբազանը հանրահավաքի ժամանակ կոչ էր արել մայիսի 13-ի առավոտից անհնազանդության ակցիաներ սկսել։ Երևանն ու Բաքուն մայիսի 15-ին ստորագրել էին Տավուշում սահմանի սահմանազատման արձանագրությունը։ Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում գեոդեզիական չափումների հիման պաշտոնական տվյալներով մայիսի 6-ի դրությամբ 40 սահմանային սյուն է տեղադրվել։ ԱԱԾ-ն մայիսի 19-ին սահմանափակել էր Կիրանցում հաշվառում չունեցողների մուտքը բնակավայր։