Առաջիկա օրերին աշխատանքային խողովակներով ադրբեջանական կողմին կփոխանցվեն ականապատ 8 նոր տեղեկամատյաններ, իսկ դրանց կրկնօրինակները կփոխանցվեն միջազգային գործընկերների, հայտնել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը:
ԱԱԾ-ն մանրամասնում է, որ վերսկսել է հարցումային աշխատանքը ԼՂ նախկին զինծառայողների շրջանում, որի արդյունքում ի հայտ են եկել նոր տեղեկամատյանները:
Գերատեսչությունից ավելացնում են, որ վերջին շրջանում ադրբեջանական լրատվամիջոցների կողմից ականի պայթյունից Ադրբեջանի քաղաքացիների մարմնական վնասվածքներ ստանալու մի քանի տեղեկատվություններից հետո և ի շարունակություն 2023 թվականի դեկտեմբերի 7-ին Հայաստանի վարչապետի աշխատակազմի և Ադրբեջանի նախագահի վարչակազմի միջև բանակցությունների արդյունքում պայմանավորվածության, այն է՝ շոշափելի քայլեր ձեռնարկել երկու պետությունների միջև վստահության կառուցման ուղղությամբ, ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը վերսկսել է հարցումային աշխատանքը ԼՂ նախկին զինծառայողների շրջանում, որի արդյունքում ի հայտ են եկել թվով 8 նոր տեղեկամատյաններ:
ԱԱԾ-ն հիշեցրել է, որ ՀՀ-ն 2021 թվականի հունիսի 12-ին, հուլիսի 3-ին, հոկտեմբերի 19-ին, նոյեմբերի 1-ին և նոյեմբերի 29-ին, առանց նախապայմանների Ադրբեջանի ներկայացուցիչներին է փոխանցել ԱՀ տարածքում գտնվող ականապատ դաշտերի թվով 972 տեղեկամատյաններ (ֆորմուլյարներ):
Հայտնում են, որ այս միակողմանի հումանիտար քայլից հետո Ադրբեջանը տեղեկատվական արշավ է սկսել՝ Հայաստանին մեղադրելով ոչ ճշգրիտ և ոչ ամբողջական տեղեկամատյաններ տրամադրելու մեջ, և հումանիտար քայլն օգտագործել ատելություն բորբոքելու նպատակով:
Հունվարի 23-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը չէր բացառել, որ հնարավոր է Երևանն ականապատ տարածքների նոր քարտեզներ փոխանցի Բաքվին: Անդրադառնալով փոխացված քարտեզների արդյունավետության մասին Բաքվի բողոքներին՝ նա հայտնել էր, որ հայկական կողմն Ադրբեջանին է փոխանցել այն տեղեկատվությունը, ինչ իրեն հասանելի էր և շեշտել էր, որ այս անգամ քարտեզների հետ կապված գործընթացը պետք է անել միջազգային գործընկերների միջոցով: