ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է շարունակել ջանքերը, որոնք նպաստելու են Հարավային Կովկասում խաղաղությանն ու կայունությանը։ Նա այսպես է պատասխանել Հայաստանի կողմից Ադրբեջանին ականապատ քարտեզների հնարավոր փոխանցման հարցում Ռուսաստանի միջնորդության մասին հարցին։
«Մոսկվան մնում է Երևանի գործընկերը և վճռական ներդրում ունի Հայաստանի համար ավելի բարդ իրավիճակների, կարելի է ասել՝ նույնիսկ պարտության կանխման գործում։ Միևնույն ժամանակ, մենք միշտ մեծ ուշադրություն ենք դարձրել հայ-ադրբեջանական կարգավորման հումանիտար խնդիրներին։ Ռուսաստանն ակտիվորեն նպաստել է ռազմագերիների, կալանավորների փոխանակմանը և ականապատ դաշտերի քարտեզների փոխանցմանը»,- նշել է նա։
Հունվարի 25-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարել էր, որ առաջիկա օրերին աշխատանքային խողովակներով ադրբեջանական կողմին կփոխանցվեն ականապատ 8 նոր տեղեկամատյաններ: ԱԱԾ-ն ընդգծել էր, որ Հայաստանը նախկինում հրապարակայնորեն և աշխատանքային մակարդակով հայտարարել էր, որ իր տրամադրության տակ չունի ավելի որակյալ քարտեզներ, իսկ արդեն փոխանցված տվյալներն ստացվել են Լեռնային Ղարաբաղի զինվորական անձնակազմից։
Հունվարի 26-ին Ադրբեջանի ԱԳՆ-ն Հայաստանից պահանջել էր «բոլոր ականապատ տարածքների» ճշգրիտ քարտեզները։ Բաքուն հրաժարվել էր Երևանի որոշումը համարել «որպես վստահության ամրապնդման միջոց»։ Ադրբեջանի ԱԳՆ-ն Հայաստանին մեղադրել է այն բանում, որ բոլոր այն քարտեզները, որոնք նախկինում տրամադրել էր, անօգուտ են և թերի։