Ռուսաստանի կողմից Հայաստանին զենք մատակարարելու գործընթացում հարցեր կան, Հայոց բանակի օրը՝ հունվարի 28-ին, «Եռաբլուր» պանթեոնում լրագրողներին հայտնել է Պաշտպանության փոխնախարար Հրաչյա Սարգսյանը։ Նա չի հստակեցրել, թե որքան զենք է ՌԴ-ն մատակարարել Հայաստանին։
«Հարցեր կան, որոնք դեռ քննարկվում են, բայց, կարծում եմ, այդ հարցին լուծում կգտնենք, աշխատանքներն ընթացքի մեջ են»,- հավելել է փոխնախարարը։
Խոսելով բանակից՝ նա կարևորել է տոկունությունը, նշել, որ «պետք է վերագնահատել վերջին տարիների բացթողումները և աշխատել այդ շրջանակներում»։
«44-օրյա պատերազմի արդյունքների առումով վերլուծություններ են կատարվում, կան տարբեր քննարկումներ։ Այո՛, ընդհանուր առմամբ խնդիրներ ունենք, որոնց լուծման ճանապարհով ենք գնում»,- եզրափակել է նա։
2023-ի հոկտեմբերի 23-ին ՔՊ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն ասել էր, որ Հայաստանն սպասում է ռուսական զենքի մատակարարմանը, որի համար վճարել է 400 մլն դոլար՝ նշելով, որ ցանկացած պայմանագրում նախատեսված են և՛ ժամկետներ, և՛ պատժամիջոցներ այդ ժամկետները խախտելու համար։
Նոյեմբերի 24-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով ՌԴ-ից գնված, բայց չստացված սպառազինության մասին հարցին, նշել էր, որ տեղի են ունենում քննարկումներ, թե խնդիրն ինչ մեխանիզմներով կարող են լուծել։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան դեկտեմբերի սկզբին հայտնել էր, որ Մոսկվան ողջունում է վճարված, բայց չմատակարարված զենքի հետ կապված Երևանի մոտեցումը՝ «ամեն ինչ լուծել գործընկերության ոգով»:
Դեկտեմբերի 22-ին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը չէր բացառել ՌԴ-ի հետ նոր ռազմական պայմանագրերի կնքումը: Հունվարի 18-ին ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը Armenia Today-ի հայտնել էր, որ շարունակում են աշխատել ռուս գործընկերների հետ։
Հունվարի 16-ին ԱԺ Պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի անդամ, ՔՊ պատգամավոր Գագիկ Մելքոնյանն «Ազատությանը» հայտնել էր, որ ռուսական զենքի մի խմբաքանակ Հայաստան է հասել վերջերս: Մելքոնյանի խոսքով՝ այդ խմբաքանակը Հայաստանին է փոխանցվել Ռուսաստանի հետ ավելի վաղ կնքված պայմանագրի շրջանակներում: Հունվարի 22-ին ՊՆ-ն հայտարարել էր, որ սպառազինության ոլորտում ռուսաստանյան ընկերությունների հետ ունեցած խնդրահարույց հարցերը մեծամասամբ կարգավորվել են։