Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն սպառնացել է Հայաստանին «պատասխանել», եթե Ֆրանսիայից Հայաստանին փոխանցվող զենքերը «հասնեն կրիտիկական մակարդակի»: Այս մասին Ալիևը հայտարարել է օկուպացված Շուշիում ադրբեջանցի վերաբնակիչներին բնակարանների բանալիների հանձնման արարողության ժամանակ, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Նա նաև սպառնացել է ՀՀ-ի այն ուժերին, որոնք, նրանց կարծիքով, վրեժխնդրորեն են տրամադրված։ «Եթե այսօր կրկին տեսնենք, որ Հայաստանում ռևանշիստները գլուխ են բարձրացնում, որ Ֆրանսիան Հայաստանին մահաբեր զենք է տալիս, եթե տեսնենք, որ այդ զենքերը հասել են կրիտիկական մակարդակի, ապա թող ոչ ոք մեզնից չնեղանա»,- ասել է նա։
Ապրիլի 4-ին Թուրքիայի նախկին արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն քննադատել էր Հայաստանին աջակցելու Ֆրանսիայի գործողությունները և ասել, որ Անկարան հնարավոր բոլոր աջակցությունը կտրամադրի Բաքվին, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ֆրանսիայի արտգործնախարար Ստեֆան Սեժուրնեն ապրիլի 2-ին Ադրբեջանին մեղադրել էր Հայաստանի սահմանին հակամարտության սրման մասին ապատեղեկատվություն տարածելու մեջ և ասել, որ Ադրբեջանի հռետորաբանությունը դուրս է գալիս վերահսկողությունից։
Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայության ղեկավար Ալի Նագիևը 2023 թվականի նոյեմբերին հայտարարել էր, որ Հայաստանին զենքի տրամադրումը կարող է «պատերազմի վերսկսման պատճառ դառնալ»։