Համաշխարհային առաջնորդները հունվարի 15-19-ը տեղի ունեցած Դավոսի Համաշխարհային տնտեսական 54-րդ ֆորումի շրջանակում հայտարարել են, որ Հայաստանի իշխանությունները բավարար ջանքեր չեն գործադրում, որպեսզի Ադրբեջանի նկատմամբ միջազգային ճնշումներ լինեն, և այդ երկիրն ազատ արձակի հայ գերիներին ու պահվող այլ անձանց, գրում է Oragir.News-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ըստ աղբյուրի՝ հանդիպումների ընթացքում համաշխարհային առաջնորդները զորակցություն են հայտնել ադրբեջանական բանտերում պահվող հայ գերիներին։
«Համաշխարհային առաջնորդները, սակայն, նշել են, որ խնդիրն անհնար է լուծել, քանի դեռ Հայաստանը պաշտոնապես չի բարձրացրել այս հարցը»,- հավելել է ԶԼՄ-ն։
ԶԼՄ-ին հայտնի է դարձել, որ ֆորումին մասնակցել է նաև Flagship Pioneering ընկերության հիմնադիր և գլխավոր գործադիր տնօրեն Նուբար Աֆեյանը, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի այլ ընկերներ։
«Ֆորումի շրջանակներում նրանք հանդիպումներ են ունեցել բազմաթիվ երկրների նախագահների և վարչապետների հետ՝ խնդրելով նրանցից ճնշումներ բանեցնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նկատմամբ, որպեսզի վերջինս անհապաղ ազատ արձակի իր երկրում ապօրինաբար պահվող հայ գերիներին, այդ թվում՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը»,- գրել է կայքը։
Հունվարի 25-ին Բաքվի Սաբաիլի շրջանային դատարանը 4 ամսով երկարաձգել էր Վարդանյանի և Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության կալանքների ժամկետները։ Նրանց կալանավորելու որոշում էր կայացրել «ահաբեկչության ֆինանսավորման», «ապօրինի զինված կազմավորումների կամ խմբավորումների ստեղծման, դրանց գործունեությանը մասնակցելու» և «Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանն ապօրինի հատելու» շինծու մեղադրանքներով։
Սեպտեմբերի 19-ին լայնամասշտաբ հարձակումից հետո սկսել ադրբեջանցիները գերի էին վերցրել Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, Արկադի Ղուկասյանին, Արցախի նախկին արտգործնախարար և նախագահի օգնական Դավիթ Բաբայանին, Արցախի ՊԲ նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանին, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին։
ՔԿ-ն 2024 թվականի հունվարի 4-ին հայտնել էր, որ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով զոհվել է 223 անձ, վիրավորվել՝ 244-ը, գերեվարվել է 17 անձ, անհետ կորել 20-ը։ ՔԿ տվյալներով՝ դիակի նկատմամբ շուրջ երկու տասնյակ անարգանքի դեպքեր են եղել։ Սեպտեմբերի 29-ին Ստեփանակերտի բենզինի պահեստի պայթյունի հետևանքով 218 մարդ մահացել է, 21 անձ անհետ կորել է, 3 չնույնականացված դի և 120 վիրավոր կա։