Երևանի կենտրոնի կարմիր գծերը կիրակի օրերին կդառնան անվճար, համապատասխան որոշումը 34 կողմ ձայնով հաստատել է Երևանի ավագանին:
Որոշումն ուժի մեջ կմտնի փետրվարի 8-ից: Որոշման նախագիծը ներկայացրած «Հանրային ձայն» խմբակցության ղեկավար Վահան Ավագյանն այն բացատրել է կիրակի օրերին մեքենաների երթևեկության ինտենսիվության զգալի անկմամբ՝ շաբաթվա մյուս օրերի համեմատ:
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշել է, որ այս հարցը նախկինում էլ է քննարկվել:
«Այս որոշումն ընդունելի է, քանի որ մենք ի սկզբանե հայտարարել էինք, որ որոշումը հավելյալ գումարներ հավաքագրելու համար չէ»,- ասել է քաղաքապետը:
Նա հիշեցրել է, որ ավտոկայանատեղիների նոր սակագների ներդրումը նպատակ ունի բեռնաթափել քաղաքի փողոցները, առաջին հերթին՝ Երևանի կենտրոնը:
Երևանում կայանման նոր սակագներն ուժի մեջ են մտել 2024 թվականի հունվարի 1-ից։ «Ա» գոտում՝ Երևանի փոքր կենտրոնում, կայանելու արժեքը կազմում է տարեկան 160 հազար դրամ, «Բ» գոտում («Ա» գոտուց դուրս գտնվող մյուս բոլոր փողոցները)՝ տարեկան 24 հազար դրամ: