Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը չի բացառել, որ Երևանն ու Բաքուն մոտ ապագայում կարող են հանդիպել սահմանազատման հարցի շուրջ:
«Հաջորդ հանդիպման ամսաթվի վերաբերյալ պայմանավորվածություն դեռ չունենք, բայց կարծում եմ, որ մենք կկազմակերպենք մոտ ժամանակներս»,- News.am-ի հետ զրույցում հայտարարել է նա:
Գրիգորյանը հավելել է, որ հայկական կողմը ձգտում է ապահովել, որ սահմանազատման համար օգտագործվող տեղագրական քարտեզներն ունենան իրավական հիմք:
«Մենք ձգտում ենք, որպեսզի գործ ունենանք իրավական հիմքի և հենքի վրա ձևավորված տոպոգրաֆիկ քարտեզների հետ: Շատ կարևոր է, թե ինչ հիմքով են այդ քարտեզները կազմվել»,- ասել է նա՝ ավելացնելով, որ այդ տրամաբանությունը պետք է բխի Ալմա-Աթայի հռչակագրից:
Գրիգորյանը չի համաձայնել ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինի այն հայտարարության հետ, թե Մոսկվայի դերը եզակի է այն պատճառով, որ միայն Ռուսաստանն ունի Հայաստանի սահմանազատմանն անհրաժեշտ քարտեզները։
«Սահմանազատման և հետագայում սահմանագծման գործընթացի համար բազմաթիվ նյութեր են հարկավոր լինելու և մեծ աշխատանք է սպասվում: Բայց նույնականացնել, որ մեկ վայրում կան մեկ խումբ նյութեր, կածում եմ՝ սխալ կլինի»,- հավելել է նա:
Հայաստանն ու Ադրբեջանը հունվարի 31-ին անցկացրել էին սահմանազատման հանձնաժողովների վեցերորդ հանդիպումը: