Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացում նոր սահման չպետք է ստեղծվի, բացի Ալմա-Աթայի հռչակագրով հաստատված և կողմերի կողմից հետագայում վերահաստատված սահմաններից, ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ համատեղ մամուլի ասուլիսին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
Նա վերահաստատել է ՀՀ հանձնառությունը՝ հավատարիմ մնալ նախկինում ձեռք բերված պայմանավորվածություններին: «Շարունակում ենք համոզված լինել, որ Հայաստանը և Ադրբեջանը պետք է վերահաստատեն, որ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը՝ հիմնվելով 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի և Խորհրդային միության իրավասու և լիազորված մարմինների կողմից մշակված ամենավերջին քարտեզների վրա, որոնք պետք է հիմք հանդիսանան երկու երկրների սահմանների սահմանազատման համար»,- ընդգծել է ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարը:
Նա կարևորել է Ադրբեջանի վերադարձը բանակցությունների սեղան և հավատարմությունը նախկին պայմանավորվածություններին։ «Հայաստանն ունի նման քաղաքական կամք»,- նշել է նա:
Միրզոյանն ընդգծել է նաև ՀՀ-ԵՄ հարաբերությունների խորացման ինտենսիվ դինամիկան: Նա շեշտել է, որ Հայաստանը բոլոր անհրաժեշտ պահանջները կատարել է, և ժամանակն է մեկնարկել Հայաստան-ԵՄ վիզային ռեժիմի ազատականացման երկխոսությունը։
ՀՀ ԱԳՆ ղեկավարն անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ավելի քան 100 հազար հայերի կարիքների և իրավունքների ապահովմանն ուղղված ջանքերին՝ բարձր գնահատելով ԵՄ ներգրավվածությունն ու աջակցությունն այս ուղղությամբ:
Մանրամասները՝ տեսանյութում: