ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը մեկնաբանել է հայ-ադրբեջանական սահմանին այսօր տեղի ունեցած միջադեպը, որի հետևանքով 4 հայ զինծառայող է զոհվել։ Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորհրդի նիստին հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ Բորելը նշել է, որ կողմերը քննարկել են տարածաշրջանային իրավիճակը, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, ինչպես նաև սահմանին տեղի ունեցած վերջին միջադեպը։
«Երեկ հայկական կողմից ադրբեջանցի զինվորի ուղղությամբ կրակոցը ցավալի էր, սակայն Ադրբեջանի արձագանքն անհամաչափ է թվում՝ անտեսելով Հայաստանի պաշտպանության նախարարության հայտարարությունը, որ միջադեպն ամբողջությամբ կհետաքննվի»,- ասել է նա։ Բորելն ընդգծել է, որ տեղի ունեցածը ևս մեկ անգամ ցույց է տալիս սահմանից ուժերի դուրսբերման հրատապ անհրաժեշտությունը։
Նա վերահաստատել է կայուն և ամուր խաղաղությանն աջակցելու ԵՄ հանձնառությունը, որը հիմնված է ինքնիշխանության, սահմանների և տարածքային ամբողջականության սկզբունքների ճանաչման վրա։ Մեկնաբանելով Հայաստան-ԵՄ հարաբերությունները՝ դաշինքի դիվանագիտության ղեկավարը նշել է, որ դրանք զարգանում են դրական ուղղությամբ։ Նրա խոսքով՝ այսօրվա հանդիպման ընթացքում կողմերը որոշել են սկսել աշխատանքը «Հայաստան-Եվրամիություն գործընկերության նոր հավակնոտ օրակարգի վրա»։
Բորելը նաև շնորհավորել է Հայաստանին ՄՔԴ-ի Հռոմի կանոնադրությանը միանալու կապակցությամբ՝ այն անվանելով հայկական կողմի «շատ կարևոր և խիզախ որոշում»։ Բորելի խոսքով՝ կողմերը քննարկում են ԵՄ-ի և Հայաստանի միջև վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու տարբերակները։ Նա նշել է Հայաստանի «մեծ հետաքրքրությունը» և կոչ արել Երևանին է՛լ ավելի արագացնել բարեփոխումները՝ այս հարցում առաջընթաց գրանցելու համար։
ԵՄ դիվանագիտության ղեկավարն ասել է, որ կողմերը քննարկում են հարաբերությունների ամրապնդումն առևտրի, էներգետիկայի, կապի և ավիացիոն անվտանգության ոլորտներում։ Նրա խոսքով՝ միավորումը կօգնի նաև շահագործումից հանել Մեծամորի ատոմակայանը՝ միջուկային անվտանգության բարելավման նպատակով։ Նա վերահաստատել է ԵՄ հանձնառությունը՝ աջակցելու Հայաստանի մասնակցությանը Սևծովյան Էլեկտրական մալուխի նախագծին և այլ տարածաշրջանային նախագծերին՝ նշելով, որ այս «նախաձեռնությունը խաղաղության համար դիվիդենտներ քաղելու մեծ ներուժ ունի»։
Ըստ Բորելի՝ կողմերը քննարկել են Հայաստանի «դիմադրողականությունն» ամրապնդելու բոլոր ոլորտները։ Նա իր լիակատար հանձնառությունն է հայտնել անվտանգության և պաշտպանության ոլորտում համագործակցության հետագա ամրապնդմանը։ «Առաջիկա ամիսներին մենք մեր երկխոսությունը կկառուցենք արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերի շուրջ»,- շեշտել է ԵՄ դիվանագիտության ղեկավարը։
Մանրամասները՝ տեսանյութում: