Իրանը մտահոգված է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին աճող լարվածությամբ, հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին, հայտնում է IRNA-ն։
Գործակալության տվյալներով՝ Քանանին Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել «զսպվածություն ցուցաբերել», ինչպես նաև վեճերը խաղաղ ճանապարհով լուծել։ Նա ասել է, որ «երկխոսությունն ու դիվանագիտությունը միակ ճանապարհն են դեպի կովկասյան տարածաշրջանում կայուն և մշտական խաղաղություն՝ կոչ անելով երկու երկրներին արագացնել խաղաղության համաձայնագրին հասնելու ջանքերը»:
Իրավիճակը Ներքին Հանդի ուղղությամբ լարվել էր փետրվարի 12-ին, երբ ադրբեջանական կողմը հայտնել էր հայկական դիրքապահի կողմից արձակած կրակի հետևանքով իր մեկ վիրավորի մասին: Հայկական կողմը հայտարարել էր, որ Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Կապան-Զանգելան հատվածում հայ դիրքապահների կողմից կրակ բացելու տեղեկատվությունը հետաքննվում է, նախնական տեղեկատվությամբ՝ փետրվարի 12-ին տվյալ տեղամասում նման իրադրություն առկա չի եղել:
ՀՀ ՊՆ-ն փետրվարի 13-ին հայտնել էր, որ սահմանին ադրբեջանական կողմի կրակի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 1 վիրավոր։ ՊՆ-ի տվյալներով՝ զոհվել են Էդուարդ Համլետի Հարությունյանը (1974 թ.), Գագիկ Վարազդատի Մանուկյանը (1982 թ.), Արսեն Գագիկի Համբարձումյանը (1979 թ.), Հրաչյա Թալիշի Հովհաննիսյանը (1957 թ.)։ Եվս մեկ հայ զինծառայող ստացել է միջին ծանրության վնասվածքներ.
ՀՀ ԱԳՆ-ն դատապարտել էր Ադրբեջանի կողմից Ներքին Հանդ գյուղի գնդակոծությունը՝ Ադրբեջանի այս գործողություններն անվանելով Հայաստանի դեմ ուղղված ռազմական սադրանք, նաև կոչ էր արել Բաքվին զերծ մնալ իրավիճակն ապակայունացնող գործողություններից և վերադառնալ բանակցություններին։