Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ սահմանին ադրբեջանական կողմի կրակի հետևանքով հայկական կողմի զոհված զինվորականների թիվը հասել է 4-ի, մեկը վիրավորվել է:
Ըստ գերատեսչության՝ վիրավորի վիճակը գնահատվում է միջին ծանրության, այս պահի դրությամբ կյանքին վտանգ չի սպառնում։
ՀՀ ՊՆ-ից հայտնել են, որ զոհվածների անվանացուցակը կհրապարակվի ավելի ուշ:
Փետրվարի 13-ի վաղ առավոտյան Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումների կողմից Սյունիքի մարզի Ներքին Հանդի ուղղությամբ կրակ բացելու հետևանքով 2 զոհվածները Երկրապահ կամավորականների միության անդամներ են, գրում է ArmLur-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Իրավիճակը Ներքին Հանդի ուղղությամբ լարվել էր փետրվարի 12-ին, երբ ադրբեջանական կողմը հայտնել էր հայկական դիրքապահի կողմից արձակած կրակի հետևանքով իր մեկ վիրավորի մասին: Հայկական կողմը հայտարարել էր, որ Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Կապան-Զանգելան հատվածում հայ դիրքապահների կողմից կրակ բացելու տեղեկատվությունը հետաքննվում է, նախնական տեղեկատվությամբ՝ փետրվարի 12-ին տվյալ տեղամասում նման իրադրություն առկա չի եղել:
ՀՀ ՊՆ-ն հերքել էր, որ փետրվարի 12-ին՝ ժամը 20:50-ից մինչև 23:40-ն ընկած ժամանակահատվածում հայկական կողմը կրակ էր բացել սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ: