Նման միջադեպերը չեն կարող նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը նպաստելու դրական մթնոլորտի ստեղծմանը, «Իզվեստիա»-ի հետ զրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը՝ անդրադառնալով փետրվարի 12-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային լարվածությանը։
Նրա խոսքով՝ ռուսական կողմը հայ-ադրբեջանական կարգավորման երկու մասնակիցներին մշտապես կոչ է արել շփման գծում առավելագույն զսպվածություն ցուցաբերել։
«Ես դեռ կխուսափեմ հեռուն գնացող եզրակացություններից։ Ընդ որում՝ թեմայի վերաբերյալ կողմերից մենք ստացել ենք միայն առաջին հայտարարությունները, ուստի այս պահին կնախընտրեի զերծ մնալ գնահատականներից։ Առճակատման ցանկացած թեժ փուլ, իհարկե, չի նպաստում հարաբերությունների կարգավորմանն ու խաղաղ գործընթացի խթանմանն ուղղված համատեղ ջանքերին»,- ասել է նա։
Պատասխանելով Երևանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու Մոսկվայի մտավախությունների մասին հարցին, ՌԴ փոխարտգործնախարարը նշել է, որ ՀԱՊԿ-ում մնալը և լիարժեք խորհրդակցություններին վերադառնալը համապատասխանում են առաջին հերթին՝ Հայաստանի ժողովրդի և հայկական պետության շահերին։
«Օբյեկտիվորեն՝ Հայաստանի անվտանգության ապահովման տեսանկյունից ՀԱՊԿ մեխանիզմին տեսանելի այլընտրանք չկա։ Ավելին, ՀԱՊԿ անդամ երկրները միշտ բաց են եղել և մնում Երևանին օգնություն ցուցաբերելու համար։ Ժամանակին Հայաստանին առաջարկվել են ռազմատեխնիկական բնույթի միջոցառումներ՝ մասնագիտացված կադրերի պատրաստման, Հայաստանի և Ադրբեջանի սահմանային շրջաններ ՀԱՊԿ դիտորդական առաքելություն ուղարկելու հետ կապված։ Բայց, ցավոք, այդ գաղափարներն ու առաջարկները հավանության չեն արժանացել ու կյանքի չեն կոչվել»,- նշել է նա։
Գալուզինն ընդգծել է, որ Հարավային Կովկասի ապագան պետք է որոշեն այն երկրները, որոնց համար այս տարածաշրջանն ընդհանուր տուն է։ Ըստ նրա՝ ո՛չ ԱՄՆ-ն, ո՛չ Ֆրանսիան, ո՛չ ԵՄ երկրները չեն դասվում այդ երկրների շարքին։
«Ոչ արդյունավետ ենք համարում արտատարածաշրջանային ուժերին՝ «արևմտամետներին» տարածաշրջան ներքաշելը, ինչին, ցավոք, վերջին շրջանում պաշտոնական Երևանը հակված է։ Մենք տեսնում ենք, որ ոչ մի երկրում կամ տարածաշրջանում, որտեղ միջամտել են Միացյալ Նահանգները, Եվրամիությունն ու ՆԱՏՕ-ն, կայունություն և կայուն խաղաղություն չի հաստատվել՝ միայն պետականության կործանում, քաոս ու ապակայունացում։ Օրինակները շատ են՝ Բալկանները, Իրաքը, Լիբիան, Սիրիան, Իսրայելի կողմից օկուպացված պաղեստինյան տարածքները»,- ասել է նա։
Գալուզինը հավելել է, որ Արևմուտքի շահերը կապված են ոչ թե Հայաստանին օգնելու՝ կարգավորել հարաբերություններն Ադրբեջանի հետ և հասնել կայուն խաղաղության և կայունության, այլ Ռուսաստանին այս գործընթացից դուրս մղելու և նրա սահմանների անմիջական մերձակայքում լարվածության ևս մեկ աղբյուր ստեղծելու հետ։
«Որքան շուտ Երևանը հաղթահարի ՀԱՊԿ-ի հետ կապված իր կասկածները և վերադառնա կառուցողական, արդյունավետ և բովանդակալից քննարկումներին այս կազմակերպության օրակարգային հարցերի քաղաքական և փորձագիտական մակարդակներում, այնքան լավ»,- եզրափակել է նա։
Հայ-ադրբեջանական սահմանին լարվածության նոր ալիք էր սկսվել փետրվարի 12-ին, երբ ադրբեջանական կողմը հայտնել էր հայկական դիրքապահի կողմից արձակած կրակի հետևանքով իր մեկ վիրավորի մասին: Հայկական կողմը հայտարարել էր, որ Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Կապան-Զանգելան հատվածում հայ դիրքապահների կողմից կրակ բացելու տեղեկատվությունը հետաքննվում է, նախնական տեղեկատվությամբ՝ փետրվարի 12-ին տվյալ տեղամասում նման իրադրություն առկա չի եղել:
ՀՀ ՊՆ-ն հերքել էր, որ փետրվարի 12-ին՝ ժամը 20:50-ից մինչև 23:40-ն ընկած ժամանակահատվածում հայկական կողմը կրակ էր բացել սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ:
ՀՀ ՊՆ-ն փետրվարի 13-ին հայտնել էր, որ սահմանին ադրբեջանական կողմի կրակի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 1 վիրավոր։ Գերատեսչությունը հրապարակել էր զոհված զինվորականների անունները։