Հակակոռուպցիոն դատարանը որոշել է երկու ամսով տնային կալանք կիրառել ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի նկատմամբ։ Դատավոր Սարգիս Դադոյանը բավարարել է Քերոբյանի նկատմամբ ՔԿ-ի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր երրորդ վարչության պետի տեղակալ, նրա լիազորությունները ժամանակավորապես կատարող Գևորգ Հայրապետյանի միջնորդությունը:
Ըստ դատարանի եզրակացության՝ որոշումը կայացվել է՝ ելնելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18-31, 115, 116, 118, 119, 122, 123, 284, 286-288, 389 և 390 հոդվածներից:
Դատավորը պարզաբանել է, որ այդ ժամանակահատվածում մեղադրյալին կարգելվի իր փաստացի բնակության վայրում հյուրընկալել և շփում ունենալ այլ անձանց հետ, կարգելվեն հեռախոսային խոսակցությունները՝ բացառությամբ շտապօգնության, իրավապահ մարմինների և Փրկարար ծառայության կանչերը, ինչպես նաև վերահսկողություն իրականացնող մարմնի հետ կապ հաստատելու դեպքում: Կարգելվեն էլեկտրոնային նամակագրությունները, հաղորդագրության այլ ձևերից օգտվելը:
ՀՀ նախագահը փետրվարի 14-ին Քերոբյանին ազատել էր Էկոնոմիկայի նախարարի պաշտոնից։ Նախկին նախարարին մեղադրանք է առաջադրվել փետրվարի 15-ին՝ Էկոնոմիկայի նախարարությունում չարաշահումների գործով ` գնումների գործընթացի հետ կապված, որին մասնակցել են «Սիներջի» ընկերությունն ու «Հարմոնիա» հիմնադրամը։ Քերոբյանը չի ընդունել իրեն ներկայացված մեղադրանքը:
Ըստ ՔԿ-ի՝ Էկոնոմիկայի նախարարությունում չարաշահումների գործով Քննչական կոմիտեն մեղադրանքներ էր առաջադրել 8 անձանց, որոնցից 5-ը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձինք են, 3-ը՝ առևտրային ընկերության ներկայացուցիչներ: Գործով անցնող Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի նկատմամբ դատարանը տնային կալանք էր կիրառել։
ՔԿ-ում պետական գնումների գործընթացի պահանջները խախտելու վարույթների շրջանակում կալանավորված անձանց թվում էր ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանի եղբոր կինը՝ Անի Գևորգյանը։ Հայտնի է, որ կալանավորվածների թվում էր նաև ընկերության աշխատակից Լիլի Մկրյանը։ Վերջիներս ազատվել էին կալանքից։ Կալանավորվածների թվում է նաև «Սիներջի» ընկերության տնօրեն Աշոտ Հովհաննիսյանը։