ՔՊ պատգամավորներն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի համար պատրաստ են խախտել որևէ քրեական գործով, որևէ մեկի համար երաշխավորություն չներկայացնելու մասին ներթիմային պայմանավորվածությունը, հայտնել է «Հրապարակ»-ը՝ հղում անելով իր աղբյուրներին: Սիմոնյանի եղբոր կնոջը` Անի Գևորգյանին, և «Սիներջի»-ի աշխատակից Լիլի Մկրյանին դատարանը կալանավորել է Էկոնոմիկայի նախարարությունում չարաշահումների գործով:
Ըստ թերթի աղբյուրի՝ փետրվարի 6-ի օրվա ավարտին ՔՊ պատգամավորներն ստորագրահավաք են իրականացրել խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի աշխատասենյակում։ Լրատվականը տեղեկացել է, որ 65 պատգամավոր է ստորագրել ՔՊ 71 հոգանոց խմբակցությունից։
Թերթը հայտնել է, որ երաշխավորության հարցը ՔՊ պատգամավորները քննարկել են փետրվարի 5-ի փակ նիստում, որտեղ նրանք չեն թաքցրել իրենց վրդովմունքը կատարվածի վերաբերալ։ Նիստին Ալեն Սիմոնյանը չի մասնակցել, թեման բացել են Հովիկ Աղազարյանն ու ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը:
«Խմբակցության նախօրեի նիստի ժամանակ գրեթե միաձայն փաստել են, որ տեղի ունեցածն աննախադեպ է, խայտառակություն է, և իրենք չեն կարող անտարբեր անցնել կատարվածի կողքով»,- գրել է թերթը:
Թերթի տեղեկություններով՝ պատգամավորները միաձայն որոշել են, որ կալանավորված աշխատակիցների նկատմամբ անարդարություն է տեղի ունենում, և դա անհարգալից վերաբերմունք է օրենսդիր մարմնի ղեկավարի, ըստ այդմ` նաև իշխող խմբակցության նկատմամբ:
ՔԿ-ն հայտնել էր, որ Էկոնոմիկայի նախարարությունում չարաշահումների գործով 7 անձի են ձերբակալել, այդ թվում Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանին, որին բաց են թողել՝ կիառելով տնային կալանք։