Ամերիկացի կոնգրեսական Բրեդ Շերմանը Բաքվին մեղադրել է սումգայիթյան ջարդերից 36 տարի անց Հայաստանի և Արցախի ժողովրդի դեմ ագրեսիվ քաղաքականության մեջ։
«Ցավոք, անցյալի հակահայկական բռնության ստվերները դեռևս կախված են մեզ վրա, քանի որ մինչև օրս շարունակվում է Ադրբեջանի ագրեսիվ արշավը Հայաստանի և Արցախի ժողովրդի դեմ»,- գրել է Շերմանը:
Նա Վաշինգտոնին կոչ է արել դադարեցնել ամերիկյան ամբողջ օգնությունն Ադրբեջանին:
«Ես կշարունակեմ մեր տրամադրության տակ եղած բոլոր գործիքներն օգտագործելու ջանքեր գործադրել, որ մարդկության դեմ իր ծանր հանցագործությունների համար ոչ միայն պատասխանատվության ենթարկեմ Ադրբեջանին, այլև ապահովեմ Արցախի անվտանգությունն այժմ և ապագայում»,- գրել է Շերմանը։
Կոնգրեսականը նշել է, որ Արցախի վրա Ադրբեջանի սանձազերծած հարձակումը, հումանիտար ճգնաժամի հետևանք դարձած երկարատև շրջափակումը հայերի նկատմամբ Բաքվի ագրեսիայի և ատելության անվերահսկելի աճի ապացույց է։
ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչները փետրվարի 26-ին Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան մոտ բողոքի ակցիա էին անցկացրել՝ ի հիշատակ Սումգայիթի և Բաքվի ջարդերի զոհերի: Հայաստանի ԱԳՆ-ն փետրվարի 27-ին Ադրբեջանին մեղադրել էր ջարդերից 36 տարի անց Երևանի նկատմամբ այլատյացության և թշնամական քաղաքականության մեջ: Արցախի խորհրդարանի նախագահի պաշտոնակատար Գագիկ Բաղունցը հայտարարել էր, որ հայատյացությունն ու ուժի կիրառումը շարունակում են մնալ Ադրբեջանի պետական քաղաքականության հիմքում։