ՀՀ ԱԳՆ-ն Սումգայիթի ջարդերի 36-րդ տարելիցի կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ և նշել Ադրբեջանի ներկայիս քաղաքականության մասին, որն ուղղված է հայկական հետքի վերացմանը։
«1988թ. փետրվարի 27-ին Խորհրդային Ադրբեջանի ղեկավարության նախաձեռնությամբ և բացարձակ թողտվության պայմաններում մեկնարկեցին Սումգայիթի հայ բնակչության ջարդերը, որոնք ուղեկցվեցին բռնությունների, դաժանությունների, բռնի անհետացումների, ունեզրկման, մարդու իրավունքների զանգվածային ոտնահարումների դեպքերով: Սպանվեցին հարյուրավոր հայեր, այդ թվում՝ կանայք, երեխաներ և ծերեր, իսկ հազարավոր հայեր բռնի տեղահանվեցին»,- ասված է հայտարարությունում:
ԱԳՆ-ն հիշատակում է, որ սումգայիթյան ողբերգությանը հաջորդել էին Կիրովաբադի, Բաքվի և Ադրբեջանի այլ հայաշատ բնակավայրերի հայության ջարդերը:
«Այս շղթայական իրադարձությունները, ինչպես դրանցից առաջ Նախիջևանի ամբողջական հայաթափումը, ցույց տվեցին, որ հիշյալ ոճրագործությունները ոչ թե ազգայնամոլության հիմքի վրա բռնությունների առանձին դրվագներ էին, այլ պետականորեն ծրագրված և իրականացված հայատյացության քաղաքականության հերթական դրսևորումներ։ Այդ քաղաքականության հետևանքով Խորհրդային Ադրբեջանից բռնի տեղահանման ենթարկվեց շուրջ 500 հազար էթնիկ հայ»,- գրում է ԱԳՆ-ն:
Ըստ գերատեսչության՝ այդ իրադարձությունները թիրախավորել են ոչ միայն հայ բնակչությանը. դրանք ուղեկցվել են նաև հայկական ժառանգության և, ընդհանուր առմամբ, հայկական հետքի վերացման կանխամտածված գործողություններով։
«Արդեն 21-րդ դարում, լիակատար անպատժելիության պայմաններում, Ադրբեջանի նույն քաղաքականության շարունակությունն էր Լեռնային Ղարաբաղի բնիկ հայության ահաբեկման, անմարդկային շրջափակման, սովամահության մատնելու և ի վերջո ուժի կիրառման միջոցով Լեռնային Ղարաբաղն ամբողջությամբ հայաթափելու, էթնիկ զտման ենթարկելու քաղաքականությունը, որն ավարտին հասցվեց անգամ ի հեճուկս ՄԱԿ Արդարադատության միջազգային դատարանի կողմից ընդունված իրավաբանական պարտադիր ուժ ունեցող երեք որոշումների»,- ասված է հայտարարությունում:
Նշվում է, որ այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը՝ պղծելով, վանդալիզմի ենթարկելով և ոչնչացնելով հայկական կրոնական ու պատմամշակութային կոթողները։
«Այսօր արդեն ՀՀ դեմ շարունակվող այլատյաց և թշնամական քաղաքականությունն ուղեկցվում է բարձրագույն մակարդակով հնչող ատելության խոսքով, սպառնալիքներով և ագրեսիվ հռետորաբանությամբ, որը խոչընդոտ է ժողովուրդների միջև թշնամանքի հաղթահարման և տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման ճանապարհին»,- ասված է հաղորդագրությունում։
ՀՀ ԱԳՆ-ն նշում է, որ միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները՝ կանխելու նման ոճրագործությունների կրկնությունը և նպաստելու Հարավային Կովկասում արժանապատիվ և տևական խաղաղության հասնելու Հայաստանի անկեղծ ջանքերին։
Փետրվարի 25-ին Ամերիկայի Հայ Դատի երիտասարդական գրասենյակը բողոքի ցույց էր անցկացրել Վաշինգտոնում՝ ի հիշատակ Սումգայիթում և Բաքվում տեղի ունեցած հայկական ջարդերի։
2023 թվականի հոկտեմբերին ամերիկյան Time ամսագիրը հայտնել էր Լեռնային Ղարաբաղում հայկական ժառանգության ոչնչացման և մշակութային ցեղասպանության սպառնալիքի մասին՝ ի դեմս միջազգային հանրության անգործության։ 2023 թվականի նոյեմբերի 9-ին Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ին կոչ էր արել առաքելություն ուղարկել Լեռնային Ղարաբաղ՝ պաշտպանելու հայկական մշակութային ժառանգությունը։