Ներքին Հանդում ռուս սահմանապահների ներկայության մանդատ և պայմանագիր գոյություն չունի, և սա նշանակում է, որ ռուս սահմանապահներն այնտեղ որևէ անվտանգային գործառույթ չեն կարող իրականացնել, ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա այսպես է մեկնաբանել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանի այն հարցը, թե ռուս սահմանապահներն ի՞նչ մյանդատով և ի՞նչ իրավական պայմանագրով են կանգնած Ներքին Հանդում:
Փաշինյանը պատասխանել է, որ որևէ մեկը չի հայտարարել, թե դա Ռուսաստանի պատասխանատվության գոտին է։ Նրա խոսքով՝ շատ իրադրություններ կան, որոնք Հայաստան-Ադրբեջան սահմանին գուցե «սպոնտան ձևով են ձևավորվել՝ հայտնի իրադրությունների բերումով»։
«Ես կարող եմ ասել, որ տվյալ դեպքում ռուս սահմանապահների ներկայության մանդատ և պայմանագիր գոյություն չունի: Եթե սա նշանակում է, որ ռուս սահմանապահներն այնտեղ որևէ անվտանգային գործառույթ չեն կարող իրականացնել, ենթադրվում է, որ սրանից պետք է արվեն համապատասխան հետևություններ»,- ասել է Փաշինյանը:
Նա հայտարարել է, որ հնչած ահազանգը քննվում է: «Հնչել է ահազանգ և այդ ահազանգը քննվում է՝ հասկանալու համար, թե ինչ խոչընդոտների մասին է խոսքը: Այդ քննության արդյունքներով որոշակի եզրակացություններ կարվեն»,- նշել է Փաշինյանը:
Հայ-ադրբեջանական սահմանին լարվածության նոր ալիք էր սկսվել փետրվարի 12-ին, երբ ադրբեջանական կողմը հայտնել էր հայկական դիրքապահի կողմից արձակած կրակի հետևանքով իր մեկ վիրավորի մասին: ՀՀ ՊՆ-ն փետրվարի 13-ին հայտնել էր, որ սահմանին ադրբեջանական կողմի կրակի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 1 վիրավոր։ Գերատեսչությունը հրապարակել էր զոհված զինվորականների անունները։
Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը փետրվարի 21-ին հայտարարել էր, որ ռուս սահմանապահները թույլ չեն տալիս ԵՄ դիտորդական առաքելության ներկայացուցիչներին մուտք գործել Ներքին Հանդ գյուղ։ Նա ասել էր, որ սա հայ-ադրբեջանական սահմանի միակ հատվածն է, որտեղ ռուս սահմանապահները թույլ չեն տալիս մուտք գործել ԵՄ առաքելության ներկայացուցիչներին։
Մանրամասները՝ տեսանյութում: