Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսը մեկնարկել է դրամաշնորհային ծրագիր, որն աջակցում է Հայաստանում Ղարաբաղից տեղահանվածներին ընդունող համայնքներին, հայտնում է ԵԽ կայքը։
Ծրագրի շրջանակներում Հայաստանի տեղական ինքնակառավարման մարմինները մինչև 2024 թվականի ապրիլի 12-ը կարող են դիմել դրամաշնորհների՝ տեղահանվածներին աջակցելու, նրանց իրավունքների պաշտպանության ապահովման, ինչպես նաև կրթության, բնակարանային, սոցիալական ծառայությունների, աշխատանքի և ինտեգրման հետ կապված խնդիրների լուծման համար։
Նշվում է, որ ծրագիրն իրականացվում է Եվրոպայի խորհրդի «Լավ կառավարման փորձագիտական կենտրոնի» կողմից՝ Հայաստանի համար ԵԽ 2023-26 թվականների գործողությունների ծրագրի շրջանակներում։
Ինչպես հաղորդվում է Եվրախորհրդի երևանյան գրասենյակի էջում, դրամաշնորհային հայտերի ընդունմանը կարող է մասնակցել ՀՀ Կոտայքի, Արարատի, Արմավիրի, Սյունիքի, Գեղարքունիքի և Լոռու մարզերի 43 համայնք։ Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 100 000 եվրո, որը հատկացվելու է 4 դրամաշնորհի տեսքով՝ յուրաքանչյուր քաղաքապետարանի համար՝ 25 000 եվրո:
2023 թվականի սեպտեմբերի 19-20-ն Արցախի վրա Ադրբեջանի հարձակումից հետո Արցախից Հայաստան ներքին տեղահանվածների թիվը գերազանցել է 100 000-ը։ Հոկտեմբերի 26-ին Հայաստանի կառավարությունը նրանց շնորհել է ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ՝ համարժեք փախստականի կարգավիճակին։
Երազում եմ տեսնել՝ ինչպես են հայերը ժամանակ անցկացնում Բաքվում, ադրբեջանցիները՝ Սևանում․ Փայլան
Համացանցում տարածվել է տեսանյութ, որտեղ Թուրքիայի խորհրդարանի նախկին պատգամավոր Գարո Փայլանը, խոսելով հայ-թուրքական, հայ-ադրբեջանական հարաբերություններից, հայտարարում է, որ «ցանկանում է...