Երևանում Նոր Նորքի ոստիկանական բաժանմունքի վրա հարձակվողները, նախնական տվյալներով, «Ազգային-ժողովրդավարական բևեռ» դաշինքի անդամներ են, հայտարարել է Հայաստանի ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը:
«Մեր տեղեկություններով և նախնական տվյալներով՝ այո՛, նրանք ԱԺԲ անդամներ են»,- հայտնել է խոսնակը։
News.am-ի տեղեկություններով՝ Երևանի Նոր Նորքի ոստիկանական բաժանմունքի վրա հարձակված անձանցից մեկը՝ 55-ամյա Արթուր Մովսիսյանը, որը նռնակ էր պայթեցրել և տեղափոխվել էր հիվանդանոց, «Սասնա Ծռեր» համահայկական շարժման Նոր Նորքի գրասենյակի ղեկավարն է։
«Մովսիսյանն ապրում է Ձորաղբյուրում։ Նա «Սասնա Ծռեր» համահայկական շարժման Նոր Նորքի գրասենյակի ղեկավարն է»,- գրել է ԶԼՄ-ն։
Կայքի տեղեկություններով՝ Մովսիսյանի որդին՝ Էդգարը, զոհվել է 2020 թվականի արցախյան 44-օրյա պատերազմում։
Մարտի 24-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, երեք զինված քաղաքացի փորձել էր ներխուժել Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ոստիկանության բաժնի շենք: 55-ամյա Ա. Մ.-ն նռնակ էր պայթեցրել, ինչի հետևանքով նա և 51-ամյա Վ. Գ.-ն ոտքերի շրջանում բեկորային վնասվածքներ էին ստացել և տեղափոխվել հիվանդանոց, իսկ զինված խմբի երրորդ անդամը՝ 34-ամյա Ս. Հ.-ն, վնասազերծվել էր ոստիկանության աշխատակիցների կողմից:
Քննչական կոմիտեն ահաբեկչության հոդվածով քրեական գործ էր հարուցել։ «Մարտական եղբայրություն» կազմակերպությունը հերքել էր միջադեպին մասնակցություն ունենալու վերաբերյալ ԶԼՄ-ների հաղորդումները։
Մանրամասները՝ տեսանյութում։