Ոստիկանության Նոր Նորքի բաժնի մոտ պայթյուն է հնչել, 2 քաղաքացի նռնակով զինված սպառնում են այն պայթեցնել, հայտնում է Shamshyan.com-ը։
Ըստ աղբյուրի՝ բաժնի մոտ են հավաքվել «Մարտական եղբայրություն» կազմակերպության անդամները։ Վերջին տվյալներով՝ կազմակերպության ավելի քան 40 ներկայացուցչի այսօր ոստիկանությունը բերման էր ենթարկել։
«Նոր Նորքի բաժնի մոտ նրանք պահանջում են, որ ոստիկաններն ազատ արձակեն իրենց համակիրներին, որոնց, ըստ իրենց, անօրինական կերպով բերման են ենթարկել։ 2 մարդ մարտական նռնակներով զինված պահանջում են բաց թողնել համակիրներին, հակառակ դեպքում՝ սպառնում են պայթեցնել նռնակները»։
Փաստաբան Վարազդատ Հարությունյանը տեսանյութ է հրապարակել և գրել, որ տեսանյութում տղամարդն է, որի մոտ մոտ նռնակ է հայտնաբերվել։
Մարտի 24-ին հայտնել էինք, որ Հայաստանի ՆԳՆ ոստիկանությունը բերման է ենթարկել «Մարտական եղբայրություն» կազմակերպության ավելի քան 30 անդամի։ ՆԳՆ հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից Armenia Today-ին հայտնել էին, որ այսօր ապօրինի զենք-զինամթերք պահելու և կրելու կասկածանքով 23 անձի են բերման ենթարկել։