ՀՀ ՔԿ-ն քրեական գործ է հարուցվել պարտականությունների կատարումից խուսափելու վերաբերյալ ապրիլի 26-ին Ոսկեպար-Կիրանց ավտոճանապարհին ցուցարարներին միացած զինծառայողների մասնակցությամբ միջադեպի առիթով։
Ըստ ՔԿ-ի՝ զինծառայողները, համացանցից տեղեկանալով Ոսկեպար-Կիրանց ավտոճանապարհին խմբված ցուցարարների և ոստիկանության միջև տեղի ունեցած միջադեպի մասին, մեկնել են տվյալ տեղանք՝ տեղում իրավիճակին ծանոթանալու համար, կարճ ժամանակ անց հեռացել: Գերատեսչությունը զինծառայողների անուններ չի նշել, նշել է միայն անունների սկզբնատառերը։
«ՊՆ N զորամասի զինծառայողներ՝ սպա Ա.Չ.-ն և ենթասպա Ֆ.Բ.-ն, համացանցից տեղեկանալով Ոսկեպար-Կիրանց ավտոճանապարհին խմբված ցուցարարների և ոստիկանության միջև տեղի ունեցած միջադեպի մասին, առաջարկել են նույն զորամասի զինծառայողներ՝ ենթասպա Ա.Դ.-ին, շարքային կազմի պայմանագրային զինծառայողներ Ա.Ա.-ին, Ա.Բ.-ին, Գ.Ս.-ին, Ա.Բ.-ին, Կ.Ս.-ին, Է.Մ.-ին, Դ.Զ.-ին, Ս.Մ.-ին, Ա.Գ.-ին. Հ.Ղ.-ին, Ա.Հ.-ին և Գ.Թ.-ին մեկնել տվյալ տեղանք՝ տեղում իրավիճակին ծանոթանալու համար, սակայն, տեղ հասնելուն պես՝ անսպասելիորեն ցուցարարներից ոմանք հայտարարել են, թե իբր իրենք միացել են նրանց և վայր են դրել զենքերը, իսկ տեղում գտնվող լրագրողները սկսել են նկարահանել իրենց: Հասկանալով, որ տեղում որևէ արտառոց իրավիճակ չկա՝ կարճ ժամանակ անց հեռացել են խմբված ցուցարարների մոտից»,- ասված է ՔԿ-ի տարածած հաղորդագրության մեջ:
ՔԿ-ն հայտնել է, որ քրեական վարույթ է հարուցել ՀՀ քրեական օրենսգրքի 529-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի և 46-529-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի հատկանիշներով (պատժվում է ազատազրկմամբ առավելագույնը չորս տարի ժամկետով)
ՔԿ-ն ներկայացրել է գործով անցնող զինծառայողներ Ա.Չ.-ի և Ֆ.Բ.-ի ուղերձը, որտեղ նրանք նշում են, որ գնացել ենք պահի ազդեցության տակ, զղջում են զգացմունքներին տրվելու համար:
Ապրիլի 26-ին Կիրանց գյուղի մոտ բախում էր տեղի ունեցել ոստիկանների և ցուցարարների միջև։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հայտնել էր, որ բողոքի ակցիաներին միացել են զինվորականները։ Ըստ նախաձեռնության հրապարակած տեսանյութի՝ ցուցարարներին միացել են պայմանագրային զինծառայողեր։
ՀՀ ԱԳՆ ապրիլի 19-ին հայտարարել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացն սկսել Տավուշի մարզից, ինչից հետո Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել։ Ակցիաների պատճառ էր դարձել նաև վարչապետի աշխատակազմի՝ ավելի ուշ արված հայտարարությունը, ըստ որի՝ սահմանազատումից հետո Զինված ուժերը նշված հատվածների շրջանում իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին։
Ապրիլի 19-ից մեկնարկած ակցիաները հաջորդող օրերին սկսվել են նաև ՀՀ այլ մարզերում, Երևանում։ Ապրիլի 26-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում գեոդեզիական չափումների հիման վրա 28 սահմանային սյուն է տեղադրվել։