ՀՀ զինված ուժերում շարունակվում են հակահամաճարակային խիստ միջոցառումներ ձեռնարկվել` կանխելու կորոնավիրուսի տարածումն ու ներթափանցումը: Ֆեյսբուքյան ուղիղ եթերում հերթական անգամ հավաստիացրեց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը:
Նա տեղեկացրեց, որ կորոնավիրուսով վարակված հինգ զինծառայողներից 4-ը գտնվում են շատ լավ վիճակում. չունեն ջերմություն և ոչ մի ախտանշան: Իսկ մեկ զինծառայողի մոտ առկա է թույլ արտահայտված ջերմություն:
«Այսօր ուենք լավ լուրեր, այն է` չունենք նոր նմուշառումներ, նոր մեկուսացվածներ, իսկ մեկուսացվածների առողջական վիճակը գերազանց է, տրամադրությունը` բարձր»,- լրացրեց ՊՆ խոսնակը:
Իսկ թե աշխարհում ստեղծված համաճարակային դժվարին իրավիճակում տարբեր երկրներում ինչ պայմաններում են խաղաղապահ առաքելություն իրականացնում հայկական զորախմբերը, Շուշան Ստեփանյանը` ՀՀ պաշտպանության նախարարության խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատար Արտակ Տոնոյանի հետ մեկտեղ, փորձեց պարզել ուղիղ տեսակապի միջոցով: Մինչ այդ հրամանատար Տոնոյանը վստահեցրեց, որ ամենօրյա կապի մեջ է հայկական զորախմբերի հետ և տեղեկացված է, որ կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված` հայ խաղաղապահների առողջականի մասով խնդրահարույց հարցեր չկան, կատարվում են կանխարգելիչ բոլոր միջոցառումները:
«Նույնիսկ կոնտակտավոր, կամ այսպիսի անհանգստության առիթ դեռ չունենք»,- շեշտեց խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատար Արտակ Տոնոյանը:
Այլ մանրամասներ տեսակապի միջոցով ներկայացրեցին արդեն խաղաղապահ զորախմբերի հրամանատարները:
Առաջինն ուղիղ տեսակապ հաստատվեց Աֆղանստանում հայկական խաղաղապահ զորախմբի հրամանատարի հետ:
Փոխգնդապետ Թադևոսյանը հայտնեց, որ հայ խաղաղապահներն իրենց առաքելությունն իրականացնում են Մազարի-Շարիֆ քաղաքից ոչ շատ հեռու տեղակայված ռազմաբազաներից մեկում, որի պաշտպանությունը վստահված է հենց իրենց:
«Ներկա պահին վիրուսի հետ կապված ոչ մի խանգարող, խոչընդոտող կամ մտահոգող խնդիրներ չունենք: Մեր հայկական զորախումբն իր ծառայությունն իրականացնում է բնականոն հունով: Այն կանխարգելիչ միջոցառումները, որոնք իրականացվել են, դրանք եղել են հետևյալը. կրճատվել են խաղաղ քաղաքացիական բնակչության մուտքն ու ելքը մեր ռազմաբազա, բաժանվել են սպիրտային լուծույթով տարաներ»,- հավաստիացրեց Աֆղանստանում հայկական խաղաղապահ զորախմբի հրամանատարը:
Տեսակապի երկրորդ կանգառը Կոսովոն էր: Կոսովոյում հայկական զորախմբի հրամանատարն ասաց, որ ծառայության վայրում կատարվում են կանխարգելիչ միջոցառումներ` ախտահանում ալկոգելով օրը 6-7 անգամ:
«Անձնակազմն այս պահին առողջ է լիովին: Այստեղ հրամանատարությունը բոլոր միջոցառումներն աշխատում է կատարել, որ վարակ չլինի: Իհարկե, մեկ հոգի վարակվել է. արձակուրդից վերադառնալուց հետո նրա մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս: Այդ անձը Բուլղարիայից է, որին մեկ օր հետո էվակուացրել են իրենց հանրապետություն: Մեզ հետ կապված խնդիր չունենք, բարոյահոգեպես կայուն ենք, խուճապի չենք մատնվում»,- ընդգծեց զորախմբի հրամանատարը:
Հաջորդը տեսակապ հաստատվեց ՄԱԿ-ի հովանու ներքո Լիբանանում գործող հայկական խաղաղապահ զորախմբի ներկայացուցչի հետ: Նա հայտնեց, որ ներկա պահին գտնվում են Լիբանանի ՅՈՒՆԻՖԻԼ խաղաղապահ առաքելության կենտրոնակայանի Շամա ռազմաբազայում, կա 32 զինծառայող:
«Կորոնավիրուսի հետ կապված ոչ մի տեսակի խնդիրներ չունենք, պահպանվում են հիգիենայի բոլոր կանոնները: Իտալացիների կողմից անցկացվել են դասընթացներ` ինչից զերծ մնանք: Ներկա պահին անձնակազմը գտնվում է հսկիչ-անցագրային կետում, որտեղ ծառայությունը կատարվում է դիմաշնչակներով և ձեռնոցներով: Պահպանվում է բոլոր տեսակի անվտանգությունը, անձնակազմն ապահովված է ձեռնոցներով, սպիրտով, դիմակներով: Անձնակազմի բարոյահոգեբանական վիճակը կայուն է, օրը 2 անգամ ջերմաչափում է կատարվում էլեկտրոնային ջերմաչափով: Ոչ մի տեսակի խնդիր չունենք, ծառայությունն ընթանում է նորմալ»,- մանրամասնեց Լիբանանում հայկական զորախմբի ներկայացուցիչը:
Չանտեսվեց նաև Հալեպում հումանիտար առաքելություն իրականացնող խմբի համաճարակային վիճակը: Խմբի անդամներից Բասենցյանը նշեց, որ համավարակից խուսափելու համար քլորակիր լուծույթով կատարվում են շրջակա միջավայրի, տեխնիկայի ախտահանիչ գործողություններ, նույնիսկ սենյակներն են ախտահանվել:
«Անձնակազմը նորմալ վիճակում է, հիվանդներ չունենք այս պահի դրությամբ: Ականազերծման աշխատանքներն էլ ամբողջությամբ ընթանում են»,- ամփոփեց նա: