Ադրբեջանի կողմից կալանավորված Արցախի նախկին պետնախարար, գործարար Ռուբեն Վարդանյանը բարեգործական և մարդասիրական գործունեության համար առաջադրվել է 2024 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակի, Armenia Today-ին հայտնել են Վարդանյանի գրասենյակից։
Նրա թեկնածությունն առաջարկել են մի շարք հեղինակավոր անձինք, որոնց թվում է նաև Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը։
«Անդրադարձ է կատարվել Արցախում Վարդանյանի գործունեությանը, որտեղ նա մեծ ջանքեր է գործադրել հումանիտար ճգնաժամի հետևանքները մեղմելու, ծանրագույն իրավիճակում հայտնված մարդկանց, այդ թվում՝ երեխաների կենցաղային պայմանները բարելավելու համար»,- նշել են Վարդանյանի գրասենյակից:
Վարդանյանն իր գործընկերների հետ Հայաստանում և Արցախում շուրջ 700 ծրագիր է իրականացրել։ Տնտեսական զարգացման ոլորտում ներդրումներից բացի, նա միջոցներ է ուղղել կրթությանը, մարդասիրական նախաձեռնություններին, ինչպիսիք են Դիլիջանի UWC Dilijan դպրոցը, «ՏաԹևեր» ճոպանուղին, «Ավրորա» միջազգային մարդասիրական մրցանակը, հավելել են գրասենյակից։
1990-ականների սկզբին Վարդանյանը հիմնադրել է «Տրոյկա Դիալոգ» ներդրումային ընկերությունը, որը 2013 թվականին Վարդանյանը գործընկերների հետ 1,4 մլրդ դոլարով վաճառել է «Սբերբանկ»-ին։ Նա 2022 թվականին տեղափոխվել էր Արցախ և նույն թվականի նոյեմբերին դարձել Արցախի պետական նախարար, սակայն 2023 թվականի փետրվարի վերջին թողել էր այդ պաշտոնը։
2023 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի վրա Ադրբեջանի հարձակումից հետո Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը Հակարիի կամրջի մոտ ձերբակալել էր Վարդանյանին։ Այժմ նա գտնվում է Բաքվի բանտում. նրան սպառնում է մինչև 14 տարվա ազատազրկում:
2023 թվականի հոկտեմբերի 10-ին «Сколково» միջազգային բիզնես դպրոցի հազարավոր շրջանավարտներ բաց նամակով դիմել էին համաշխարհային առաջնորդներին, իրավապաշտպաններին և միջազգային լրատվամիջոցներին՝ խնդրելով աջակցել Վարդանյանին ադրբեջանական գերությունից ազատելու հարցում։
2023 թվականի դեկտեմբերի 18-ին Forbes-ը հայտնել էր, որ Վարդանյանն ընտանիքի և գործընկերների հետ 2001-2023 թվականներին Հայաստանում, Արցախում և տարբեր բարեգործական նախագծերում ներդրել է ավելի քան 700 մլն դոլար։