Ապրիլի 13-ին Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ու Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այցելել են ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ և տեսակցել ապրիլի 12-ին վթարի հետևանքով մարմնական վնասվածքներ ստացած զինծառայողներին, հայտնում է ՀՀ ՊՆ-ն։
Ըստ գերատեսչության՝ նախարարներին են ներկայացվել նրանց առողջական վիճակը և բուժման ընթացքի վերաբերյալ մանրամասներ։
«20 զինծառայողից 13-ը տեղափոխվել է Երևանի և Սիսիանի զինվորական հոսպիտալներ, իսկ մարմնական թեթև վնասվածքներ ստացած 7 զինծառայող բժշկական լուրջ միջամտության կարիք չունի: Բոլորն ստանում են համապատասխան բժշկական օգնություն»,- հայտնում է ՊՆ-ն:
Ապրիլի 12-ին ՀՀ ՊՆ-ն հայտնել էր զինծառայողներ տեղափոխող բեռնատարի վթարի հետևանքով 4 զոհի և 20 վիրավորի մասին։ Գերատեսչության տվյալներով՝ վթարի հետևանքով մահացել են Արեգ Արմենի Քերոբյանը, Սլավիկ Վարդանի Վարդանյանը, Դավիթ Համբարձումի Հակոբյանը և Ժոզեֆ Մելքոնի Ազոլյանը։ Քննչական կոմիտեն վթարի հետևանքով զինծառայողների մահվան դեպքի առթիվ նախաձեռնել է քրեական վարույթ։