Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի վերաբերյալ հեռախոսազրույց են ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։ Նշվում է, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել Իրանական կողմի նախաձեռնությամբ։
Իրանի ԱԳՆ ղեկավարը ռուս գործընկերոջը տեղեկացրել է Թեհրանի ձեռնարկած գործողությունների մասին, որոնք եղել են ի պատասխան ապրիլի 1-ին Դամասկոսում Իրանի դեսպանատան հյուպատոսական բաժանմունքի վրա Իսրայելի օդային հարվածի, որի հետևանքով իրանցի պաշտոնյաներ են զոհվել։
Կողմերը համակարծիք են եղել Գազայի հատվածում զինադադարի կնքման անհապաղ որոշման շուրջ՝ լուծելով ամենահրատապ հումանիտար խնդիրները և ստեղծելով ամուր պայմաններ ուղիղ բանակցությունների համար՝ համաձայն ՄԱԿ-ի բանաձևերի։
Ապրիլի 14-ի գիշերն Իրանի «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը» (ԻՀՊԿ) հայտարարել էր Իսրայելի ուղղությամբ տասնյակ անօդաչու թռչող սարքեր և հրթիռներ արձակելու մասին: Իրանական ԶԼՄ-ները հայտնել էին, որ Իրանը հարվածներ է հասցրել բացառապես Իսրայելի ռազմական օբյեկտներին: Իսրայելցի զինվորականները հայտարարել էին, որ 99%-ով խոցել են Իսրայելի ուղղությամբ արձակված մոտ 300 ԱԹՍ և հրթիռներ։ Իրանի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Թեհրանը չի պատրաստվում շարունակել գործողություններն Իսրայելի դեմ։