Տավուշի մարզի Կիրանց գյուղի բնակիչները կրկին փակել են գյուղի հարակից ճանապարհը, ինչի մասին փաստող տեսանյութը հրապարակել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
Նրա խոսքով՝ Կիրանցի բնակիչները չեն թողնում, որ մեկնարկեն ականազերծման աշխատանքները, որոնք իրականացվում են Տավուշից հայկական զորքերի hետքաշման համար։
Ոսկեպար գյուղի բնակիչ, քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը Facebook-ի իր էջում նաև տեղեկացրել է, որ զինվորականները փորձել են ականազերծման աշխատանքներ իրականացնել Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու հարակից տարածքում: Նրա խոսքով՝ գյուղի բնակիչները խոչընդոտել են աշխատանքների իրականացմանը։
Պետրոսյանը «Հրապարակին» պատմել է նաև, որ Կիրանցի և Ոսկեպարի բնակիչները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհահատվածը, որը երեկ բացվել էր տավուշցիների հետ իշխանության ներկայացուցիչների բանակցություններից հետո: Ճանապարհը փակելու պատճառը Պաշտպանության նախարարության աշխատակիցների կողմից գյուղերի շրջանում տարածքի ականազերծումն է եղել, ասել է քաղաքագետը։
Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի բնակիչների բողոքի ակցիաներն սկսվել էին ապրիլի 19-ի երեկոյան, ցուցարարները փակել էին Երևան-Թբիլիսի միջպետական ճանապարհը: Ապրիլի 20-ին ճանապարհը բացել էին այն բանից հետո, երբ պայմանավորվածություն էր ձեռք բերվել ապրիլի 22-ին տավուշցիների ներկայացուցիչների և փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի միջև հանդիպում անցկացնել։
Ապրիլի 19-ին ՀՀ ԱԳՆ-ն հայտնել էր, որ սահմանազատման հանձնաժողովների 8-րդ հանդիպման արդյունքներով Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են գործընթացն սկսել Տավուշի մարզից։ Այդ օրն ավելի ուշ ՀՀ վարչապետի աշխատակազմը նշել էր, որ սահմանազատումից հետո Զինված ուժերը նշված հատվածների շրջանում իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին: Աշխատակազմում հստակեցրել էին, որ գործընթացի արդյունքում «Ադրբեջանի սահմանապահ ծառայությունն է՛լ ավելի կմոտենա Կիրանց և Ոսկեպար գյուղերին»։