Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը կհանդիպեն Ալմաթիում, Armenia Today-ին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը։
«Ինչպես հայտնել էինք, կա Հայաստանի և Ադրբեջանի նախարարների հանդիպման պայմանավորվածություն՝ ղազախական կողմի առաջարկով։ Հստակեցված է, որ այն կանցնի Ալմաթիում»,- նշել է Բադալյանը։
ԱԳՆ-ից այլ մանրամասներ չեն հայտնել։
Ապրիլի 26-ին ԱԳՆ խոսնակն Armenia Today-ին հայտնել էր, որ ղազախական կողմի առաջարկով Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին կտեղեկացնեն դրա շուրջ պայմանավորվածություն ձեռք բերվելուն պես։ Ապրիլի 15-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտնել էր, որ Ղազախստանը պատրաստ է Հայաստանին և Ադրբեջանին բանակցությունների հարթակ տրամադրել։ Ղազախստանում ԱԳ նախարարների հանդիպում անցկացնելու առաջարկին ավելի վաղ համաձայնել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։