Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը և Մալթայի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Իեն Բորջը քննարկել են ԵԱՀԿ օրակարգային հարցեր, ինչպես նաև տարածաշրջանում տիրող իրավիճակը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը։
Նշվում է, որ կողմերը հեռախոսազրույցի ընթացքում ուշադրության են արժանացրել Ադրբեջան-ԵԱՀԿ երկկողմ համագործակցության օրակարգի հիմնական ուղղություններն ու մարտահրավերները, որոնց բախվում է ներկայումս ԵԱՀԿ-ն։
Բայրամովը նաև իր զրուցակցին հանգամանորեն տեղեկացրել է տարածաշրջանում տիրող իրավիճակի, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի և խնդիրների նկատմամբ Ադրբեջանի մոտեցումների մասին։
Մայիսի 3-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ևս հեռախոսազրույց էր ունեցել Բորջի հետ: ԱԳ նախարարներն անդրադարձել էին տարածաշրջանային հարցերի։ Միրզոյանը գործընկերոջն էր ներկայացրել Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները:
Փետրվարին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բորջին առաջարկել էր պաշտոնապես լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը և մի շարք այլ մեխանիզմներ։