Մարզպետները վարչական ղեկավարների և այլ բանագնացների միջոցով Հայաստանում ապաստանած արցախցիներին սպառնացել են՝ ասելով, որ մայիսի 9-ին Երևանում Բագրատ Սրբազանի առաջնորդած երթին մասնակցելու դեպքում կզրկվեն պետական աջակցությունից, գրում է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Թերթի տեղեկություններով՝ մայիսի 7-ին Փարաքար համայնքի վարչական ղեկավարի կարգադրությամբ հավաք է տեղի ունեցել։
«Հավաքի ժամանակ արցախցիներին զգուշացրե են ակտիվություն չդրսևորել, ասել են՝ լավ է լինելու, իշխանությունը բնակարաններով ապահովելու է իրենց։ Պետական հիմնարկների աշխատողներին ևս ուղիղ ասվել է՝ եթե մասնակցեք, ազատվելու եք աշխատանքից»,- հավելել է թերթը։
ՀՀ ԱԳՆ-ն ապրիլի 19-ին հայտարարել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացն սկսել Տավուշի մարզից, ինչից հետո Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել։ Ակցիաների պատճառ էր դարձել նաև վարչապետի աշխատակազմի՝ ավելի ուշ արված հայտարարությունը, ըստ որի սահմանազատումից հետո Զինված ուժերը նշված հատվածների շրջանում իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին։ Ապրիլի 19-ից մեկնարկած ակցիաները հաջորդող օրերին սկսվել են նաև ՀՀ այլ մարզերում։ Մայիսի 4-ից «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը երթ է սկսել դեպի Երևան: Կազմակերպիչները նախատեսում են երթով Երևան հասնել մայիսի 9-ին:
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում գեոդեզիական չափումների հիման վրա մայիսի 6-ի դրությամբ 40 սահմանային սյուն է տեղադրվել։