Աստծո անունը քաղաքական կապիտալի վերածելն աստվածահաճո գործ չէ, դիմելով Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին՝ իր Facebook-յան էջում գրել է Ազգային ժողովի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը։
Նա այդպես է արձագանքել Սրբազանի այն հայտարարությանը, ըստ որի սահմանազատման գործընթացի դեմ շարժումն ուղղորդված է Աստծո կողմից։
«Քո Տեր Աստծո անունը զուր տեղը չպիտի արտասանես, որովհետև Տերն արդար չի համարում նրան, ով իր անունը զուր տեղն է արտասանում-3-րդ պատվիրան։ Հուսով եմ հարգարժան Սրբազան հայրը չի նզովի նվաստիս, եթե որդիաբար արձանագրեմ, որ Աստծո անունը քաղաքական կապիտալի վերածելն աստվածահաճո գործ չէ, մեղմ ասած»,- գրել է Ռուբինյանը։
Մայիսի 8-ին արքեպիսկոպոս Աջապահյանի գլխավորությամբ «Շիրակի հանուն հայրենիքի» շարժումը Գյումրիից դեպի Աբովյան երթ է մեկնարկել, որպեսզի միանա «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը։
ՀՀ ԱԳՆ-ն ապրիլի 19-ին հայտարարել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացն սկսել Տավուշի մարզից, ինչից հետո Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել։ Ակցիաների պատճառ էր դարձել նաև վարչապետի աշխատակազմի՝ ավելի ուշ արված հայտարարությունը, ըստ որի սահմանազատումից հետո Զինված ուժերը նշված հատվածների շրջանում իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին։ Ապրիլի 19-ից մեկնարկած ակցիաները հաջորդող օրերին սկսվել են նաև ՀՀ այլ մարզերում։ Մայիսի 4-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը երթ էր սկսել դեպի Երևան: Կազմակերպիչները նախատեսում են երթով Երևան հասնել մայիսի 9-ին:
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում գեոդեզիական չափումների հիման վրա մայիսի 6-ի դրությամբ 40 սահմանային սյուն է տեղադրվել։