Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ դրական արդյունքներ է ակնկալում մայիսի 10-ին Ալմաթիում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումից, հաղորդում է Anadolu գործակալությունը։
Նրա խոսքով՝ Անկարայում Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի հետ հանդիպման ժամանակ Էրդողանն ասել է, որ «գոհացուցիչ է այն առաջընթացը, որ ձեռք է բերվել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացում»։
«Նախագահը դրական արդյունքներ է ակնկալում մայիսի 10-ին Ալմաթիում կայանալիք հանդիպումից և ընդգծել է, որ խաղաղության պայմանագիրը պետք է ստորագրվի ինչքան հնարավոր է շուտ։ Նրա խոսքով՝ տարածաշրջանը պետք է հասնի այն կայունությանը, որին ձգտում է»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Հայաստանի արտգործնախարարությունը մայիսի 6-ին հայտնել էր, որ նախարար Արարատ Միրզոյանը մայիսի 10-ին Ղազախստանում կհանդիպի իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ։