Մայիսի 9-ի առավոտյան՝ ժամը 11։00-ին, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթի մասնակիցները կշարժվեն դեպի Երևանի Հանրապետության հրապարակ, Աբովյանում հայտարարել է քայլերթն առաջնորդող Բագրատ սրբազան Գալստանյանը։
«Վաղը մայիսի 9-ն է՝ մեր գողացված կենսագրության մի մասնիկը, վաղը պիտի մեր կենսագրության վերականգնման մեկնարկը լինի»,- շեշտել է նա։
Սրբազանի խոսքով՝ մի քանի օր տևած քայլերթը վկայում է, որ մարդիկ անտարբեր չեն․ «Դուք հակառակն եք փաստում՝ ասելով, որ մենք ո՛չ տկար ենք, ո՛չ վախկոտ, ո՛չ թույլ, ո՛չ անօգնական և ո՛չ էլ անհույս։ Ձեր աչքերի մեջ լույսն այնքան շատ է»։
Նա նշել է, որ շարժումնը պիտի դառնա «մեր վերելքի պատմությունը, մեր կենսագրության վերականգնումը»։ Ամփոփելով քայլերթը՝ Գալստանյանը հավելել է, որ ճանապարհին ամեն ինչ կար՝ կարկուտ, անձրև, սարեր, որոնք մեզ պետք են։
Նրա խոսքով՝ քաղաքական, հասարակական ամբողջ ներկապնակն այս շարժման մեջ է, որը մեծագույն նվաճում է։ Ողջունելով երթին միացած արցախցիներին՝ Բագրատ սրբազանը նշել է․ «Արցախը մեր տունն է և հայոց հարցի անբաժան մասը, մենք պիտի վերադառնանք Արցախ»։
ՀՀ ԱԳՆ-ն ապրիլի 19-ին հայտարարել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացն սկսել Տավուշի մարզից, ինչից հետո Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել։ Ակցիաների պատճառ էր դարձել նաև վարչապետի աշխատակազմի՝ ավելի ուշ արված հայտարարությունը, ըստ որի սահմանազատումից հետո Զինված ուժերը նշված հատվածների շրջանում իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին։ Ապրիլի 19-ից մեկնարկած ակցիաները հաջորդող օրերին սկսվել են նաև ՀՀ այլ մարզերում։ Մայիսի 4-ից «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը երթ է սկսել դեպի Երևան: Կազմակերպիչները նախատեսում են երթով Երևան հասնել մայիսի 9-ին: