ՔԿ-ն քրեական վարույթ է նախաձեռնել Հանրապետության հրապարակում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հրավիրած հանրահավաքի ընթացքում «Կամազ» մակնիշի բեռնատար ավտոմեքենան դեպի հանրահավաքի մասնակիցները վարելու դեպքի առթիվ։
Հայտնում են, որ վարորդը դեպքի վայրում ձերբակալվել է ոստիկանության ծառայողների կողմից՝ առերևույթ հանցավոր արարք կատարելու կասկածանքով։
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (խուլիգանություն, պատժվում է առավելագույնը 2 տարի ազատազրկմամբ) նախաձեռնվել է քրեական վարույթ։
Իրականացվում են անհրաժեշտ գործողություններ՝ կատարվածի հանգամանքները պարզելու նպատակով։
Armenia Today-ի թղթակիցը հայտնել էր, որ Հանրապետության հրապարակում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման բողոքի ակցիայի ժամանակ բեռնատարի վարորդը մեքենան վարել է ցուցարարների ուղղությամբ։ Ցուցարարները շրջապատել են մեքենան, ապա ոստիկանները վարորդին դուրս են բերել բեռնատարից, նստեցրել ոստիկանական մեքենան ու հեռացել: Ցուցարարները ոստիկաններին մեղադրել են անգործության մեջ։