Հայ առաքելական Սուրբ եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը մեկնաբանել է ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանի հայտարարությունն այն մասին , որ սահմանազատման գործընթացի դեմ ձևավորված շարժումը գլխավորող Բագրատ Սրբազանը պետք է վարչապետի թեկնածու լինի:
Սրբազանը լրագրողներին հայտնել է, որ նման ցանկություն չունի, բայց «ընթացքը ցույց կտա»։ «Եթե ժողովուրդը ցանկանա, որ ես լինեմ վարչապետ, դա լինի Աստծու կամքն ու եթե Հայոց Հայրապետն օրհնի, ես ո՞վ եմ, որ չհնազանդվեմ, բայց ես չեմ ցանկանում», – ասել է նա։
Օսկանյանը նշել է, որ Սրբազանը ճիշտ ճանապարհի վրա է և կարծիք է հայտնել, որ Սրբազանը պետք է լինի վարչապետ, որովհետև այս կառավարությունը ժամանակավոր է լինելու։
«Բագրատ Սրբազանը երեկ հայտնեց, որ արդեն խորհրդակցությունների մեջ է խորհրդարանական քաղաքական ուժերի հետ, որպեսզի մտնեն ԱԺ և անվստահության գործընթաց սկսեն Նիկոլ Փաշինյանի նկատմամբ։ Նա ճիշտ ճանապարհի վրա է։ Սահմանադրությունն, իհարկե, պահանջում է, որպեսզի այդ ուժերը նաև ներկայացնեն իրենց վարչապետի թեկնածուին։ Այս պահի դրությամբ, կարծում եմ, այդ վարչապետի թեկնածուն հենց, երևի, Բագրատ Սրբազանը պետք է լինի, որովհետև այս կառավարությունը ժամանակավոր է լինելու։ Այդ ընթացքում հայ ժողովուրդն իր մեջքը կուղղի, որից հետո էլ հնարավորություն կլինի արդար ընտրություններ անցկացնել»,- նշել է Օսկանյանը։
ՀՀ ԱԳՆ-ն ապրիլի 19-ին հայտարարել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացն սկսել Տավուշի մարզից, ինչից հետո Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել։ Մայիսի 4-ից «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը երթ էր սկսել դեպի Երևան, որը նպատակակետին էր հասել մայիսի 9-ին և հանրահավաք իրականացրել։ Սրբազանը հանրահավաքին հայտարարել էր Փաշինյանի հրաժարականի պահանջի մասին և նրան ժամանակ տվել։ Փաշինյանը, սակայն, չէր արձագանքել իրեն ուղղված կոչին, որից հետո Սրբազանը հայտարարել էր, որ իմպիչմենտի համար ԱԺ-ում գործընթաց է սկսվելու։ Նա կոչ էր արել մայիսի 10-ից անհնազանդության ակցիաներ իրականացնել։