Էջմիածնից 6 մարդ է բերման ենթարկվել զենք-զինամթերք պահելու կասկածանքով, Armenia Today-ին հայտնեց ՆԳՆ ԶԼՄ և հասարակայնության հետ կապի վարչության պետ Զարզանդ Գաբրիելյանը։
Գերատեսչությունից, սակայն, չեն հստակեցրել՝ արդյոք վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ ակցիայի մասնակիցնե՞ր են, թե՞ ոչ:
«Ազգային ճակատ»-ի տեղեկություններով՝ Էջմիածին դաշինքի ավագանու անդամները, ովքեր Էջմիածնի թիվ 7 հիմնական դպրոցում պատրաստվում էին դիմավորել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, բերման են ենթարկվել ոստիկանության բաժին։
«Մեզ հասած տեղեկություններով՝ բերման ենթարկվածներին ոստիկանությունում ցանկանում են պահել մինչև Փաշինյանի այցի ավարտը և հեռանալը: Ձերբակալվածների մոտ արդեն ուղևորվում են փաստաբանները»,- տեղեկացրել է «Ազգային ճակատ»-ը:
ՀՀ ԱԳՆ-ն ապրիլի 19-ին հայտարարել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացն սկսել Տավուշի մարզից, ինչից հետո Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել։ Մայիսի 4-ից «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը երթ էր սկսել դեպի Երևան, որը նպատակակետին էր հասել մայիսի 9-ին և հանրահավաք իրականացրել։ Սրբազանը հանրահավաքին հայտարարել էր Փաշինյանի հրաժարականի պահանջի մասին և նրան ժամանակ տվել։ Փաշինյանը, սակայն, չէր արձագանքել իրեն ուղղված կոչին, որից հետո Սրբազանը հայտարարել էր, որ իմպիչմենտի համար ԱԺ-ում գործընթաց է սկսվելու և խաղաղ անհնազանդության ակցիաներ են իրականացվելու։