Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքի ժամանակ ելույթ ունենալով Հանրապետության հրապարակում, կոչ է արել մայիսի 13-ի առավոտյան ժամը 8։00-ից անհնազանդության ակցիաներ սկսել։ Նախատեսվում են նաև գործադուլներ, այդ թվում՝ ուսումնական հաստատություններում։
«Վաղն առավոտյան 8։00-ից տոտալ գործադուլ և դասադուլ ենք իրականացնում, պարալիզացնում ենք ամբողջ քաղաքը և Հայաստանի տարբեր մասեր՝ անահամաձայնություն հայտնելով ստին և չարիքին»,- հայտարարել է Սրբազանը։
Նա տեղեկացրել է, որ ինքն այցելելու է ստեղծագործական միություններ՝ Գրողների, Նկարիչների միություններ, Գիտությունների ազգային ակադեմիա, Պատմության ինստիտուտ։
Բագրատ Սրբազանը նշել է, որ «մինչև նոր հայտարարություն»՝ շարժումը հանրահավաքներ չի անցկացնելու։
«Վստահ եմ, երբ ավելի կոնկրետ լինեն անվստահություն հայտնելու գործընթացի և վարչապետի թեկնածուի մեր ծրագրերը, ոչ թե 100 հազար, այլ մի քանի հարյուր հազար կլինենք։ Ամեն օրվա վարտին կհավաքվենք Սուրբ Աննա եկեղեցու բակում՝ օրը ամփոփելու և գալիք օրվա գործողությունների մասին տեղեկանալու համար»,- ասել է նա։
Սրբազանը նաև անդրադարձել է վարչապետի թեկնածուին՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի դեպքում։ Տավուշի թեմի առաջնորդը հայտարարել է, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ և ժողովրդի ցանկությամբ «պատրաստ է ընդունել ցանկացած պատասխանատվություն»։ Միևնույն ժամանակ՝ նա նշել է, որ վարչապետի թեկնածուն չի կարող լինել որևէ կուսակցության կամ խմբի անդամ և շահեր ներկայացնող։
«Այս պայքարը համազգային երթով, շարժով ճշմարտության հաղթանակին միտված պայքար է և անմահների երթն է»,- ասել է Սրբազանը։
Գալստանյանը հայտարարել է նաև, որ խոսել է ընդդիմադիր պատգամավորների հետ, և նրանք համաձայնել են իմպիչմենտի ենթարկել Փաշինյանին։ Քվեարկություն հայտարարելու գործընթաց սկսելու համար անհրաժեշտ է 36 պատգամավորի աջակցությունը։ Ընդդիմադիր երկու խմբակցությունները՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ», խորհրդարանում, ընդհանուր առմամբ, 35 պատգամավոր ունեն։ Քվեարկություն հայտարարելու համար անհրաժեշտ է 54 պատգամավորի ձայն։
«Խորհրդարանական երկու խմբակություն պատրաստակամություն է հայտնել քվեարկելու՝ անվստահություն հայտնելով ներկա կառավարության ղեկավարին, նրանց ձայները 35-ն են»,- ասել է նա և հավելել, որ հանդիպել է անկախ պատգամավոր Իշխան Զաքարյանի հետ և նա նույնպես չի բացառել, որ կմիանա գործընթացին։
«Երկու անգամ հանդիպել եմ անկախ պատգամավոր Իշխան Զաքարյանի հետ։ Վերջինս, որոշակի մտածումներով, չի մերժել միանալու այս գործընթացին (խմբ. իմպիչմենտի գործընթացին)։ Ենթադրում եմ, որ առաջին անգամ կարող ենք ասել, որ ընդդիմադիր խմբակցությունները հաղթահարել են առաջին փուլը։ Մնացել է կարևոր երկու հարցերի լուծում. վարչապետի թեկնածուի և պակասող 18 պատգամավորի աջակցության հարցը։ Առաջիկա օրերին պետք է լուծենք նաև այս հարցերը»,- հանրահավաքի ընթացքում հայտարարել է Բագրատ Սրբազանը։
ՀՀ ԱԳՆ-ն ապրիլի 19-ին հայտարարել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացն սկսել Տավուշի մարզից, ինչից հետո Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել։ Մայիսի 4-ից «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը երթ էր սկսել դեպի Երևան, որը նպատակակետին էր հասել մայիսի 9-ին և հանրահավաք իրականացրել։ Սրբազանը հանրահավաքին հայտարարել էր Փաշինյանի հրաժարականի պահանջի մասին և նրան ժամանակ տվել։ Փաշինյանը, սակայն, չէր արձագանքել իրեն ուղղված կոչին, որից հետո Սրբազանը հայտարարել էր, որ իմպիչմենտի համար ԱԺ-ում գործընթաց է սկսվելու մասին։