Տավուշի թեմի առաջնորդ, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հայտնել է մայիսի 14-ին շարժման գործողությունների մասին։
Երևանի Սուրբ Աննա եկեղեցու բակում հավաքվածների մոտ նա հայտնել է, որ վաղն առավոտյան գնալու է ԵՊՀ, հետո Ժուռնալիստների միություն, այնուհետև հրապարակի մետրոյով դեպի Գարեգին Նժդեհի կայարան։
«Առավոտյան ժամը 10-ին կգնանք մեր ուսանողներին ողջունելու, հետո կայցելեմ Ժուռնալիստների միություն՝ գնահատանքս հայտնելու լրագրողների աշխատանքի համար»,- ասել է նա։
Տավուշի թեմի առաջնորդը կոչ է արել ճնշումը մեծացնել․ «Վաղը դարձյալ ճնշումը մեծացնում եք՝ հարավից հյուսիս Հայաստանի ողջ տարածքով պետք է այդ խաղաղ անհնազանդության, հաշտական և սիրով իրականացվող գործողությունները տեղի ունենան»։
Նրա խոսքով՝ Երևանում ժամը 8։00-ից են սկսվելու անհնազանդության գործողությունները, մյուս վայրերում՝ կհստակեցնեն։ Արքեպիսոպոսը նշել է նաև, որ առաջիկա օրերին կոնկրետ լուծումների ու քայլերի մասին կտեղեկացնի։
«Ճնշումը պետք է մեծացնել, այստեղ էլ համախոհությունը կգոյացնենք, մի քանի օրից հստակ կլինի՝ ո՛ր օրը, ո՛ր ժամին, որտեղ ենք գտնվելու և ինչ ենք անելու։ Տիրոջ կամքով հաղթելու ենք՝ ինչ ճանապարհով ուզում է լինի»,- հայտարարել է նա։
ՀՀ ԱԳՆ-ի ապրիլի 19-ի հայտարարությունից հետո Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել։ Մայիսի 4-ից «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ երթ էր սկսել դեպի Երևան, որը նպատակակետին էր հասել մայիսի 9-ին․ Երևանում հանրահավաք էր կայացել։ Սրբազանը հանրահավաքին հայտարարել էր Փաշինյանի հրաժարականի պահանջի մասին։
Մայիսի 10-ին, 11-ին և 13-ին Երևանում և մարզերում անհնազանդության ակցիաներ էին անցկացվել։ Մայիսի 13-ին ոստիկանությունը բերման էր ենթարկել ակցիայի 171 մասնակցի:
Մանրամասները՝ տեսանյութում։